Գերմանական «Շթեռնը» ապրիլի 25-ին վերնագրում արդեն ծանուցեց, թե «Ապրիլի 24-ի հայերին ուղղված իր ուղերձում Թրամփը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից»: Հրապարակումը վերաբերում է միայն ԱՄՆ նախագահի ուղերձին, ցեղասպանություն բառից հրաժարվելու ԱՄՆ Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հստակ հարցին եւ դրան ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հեւիթթի (James Hewitt) լղոզված պատասխանին: Տեքստի եզրափակիչ հատվածում նշվում է, որ «2019 -ի դեկտեմբերին՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում (2017-2021), ԱՄՆ Կոնգրեսը խորհրդանշական քվեարկությամբ կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն: Սակայն Թրամփը, որ բարեկամական հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, չի աջակցել այս քայլին»: «Շթեռը» որեւէ տողով չի հիշատակում Գերմանիայի 2015-16 թվականների ճանաչումից նահանջի, ուրացման մասին, փաստագրում է սոսկ, թե 2016-ին Բունդեսթագը ճանաչել է ոճիրը՝ դասակարգելով այն ցեղասպանություն: Թրամփը հարմար թիրախ է, իսկ Գերմանիայի նախագահի լռությունը, ավելին՝ նրա կայքում 2025 թվականի մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցի մասին չհրապարակումը ինչո՞ւ չի կարեւորվում գերմանական մեդիայում: Գերմաներեն բանալի բառերով որոնողական համակարգը հազիվ է գտնում ԳԴՀ նախագահի այդ օրվա լուսանկարը, որեւէ տեսանյութ չի գտնվում այն պարագայում, երբ ԳԴՀ նախագահի ինսթագրամյան էջով նույն օրը տեսանյութ դարձավ փաստը: Ի՞նչ անուն տալ սրան: «Դոյչե վելլեն», որի սպառողը Գերմանիայից դուրս բնակվողներն են, ԳԴՀ նախագահի՝ ՀՀ այցին անդրադառնալով 2025-ի մարտի 31-ի իր ամփոփ լրատվության մեջ Շթայնմայերի եւ նրա տիկնոջ Ծիծեռնակաբերդում կարմիր վարդերով հարգանքի տուրքը փաստ է դարձնում նաեւ լուսանկարով՝ Bernd von Jutrczenka/dpa/picture alliance հեղինակային հղմամբ:
Գերմանական մեդիան չանդրադարձավ նաեւ այն փաստին, որ ապրիլի 24-ին Բեռլինի Պատգամավորների պալատում, որ երկրամասի Լանդթագն է՝ խորհրդարանը, գերմանացի բարձրաստիճան պաշտոնատարներից միայն նախարար Ջեմ Էոզդեմիրն էր, որ օրվա գլխավոր բանախոս լինելով իր հուշաճառով 10 տարի անց հավատարիմ մնաց 2015-16-ին Բունդեսթագում արտասանած իր խոսքին: Սեփական պատմության եւ զոհերի ժառանգների հանդեպ հարգանքի բացակայություն չէ՞, երբ Բեռլինի հիշյալ օրենսդիր մարմնի նախագահ, իրավաբան Կորնելիա Զայբելդը ներկա չի լինում հուշահանդեսին եւ ողջունում է ներկաներին տեսաուղերձով: Նրան միգուցե արտոնություն էր տվել այն հանգամանքը, որ Բեռլինում ՀՀ դեսպանությունն էլ չէր արձագանքել ժամը 19. 15-ին սկսվող հիշատակի երեկոյին, որը կազմակերպել էր գերմանահայ համայնքը՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն ու թեմի առաջնորդարանը:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, որ ելույթ ունեցավ թե՛ Բեռլինում, թե՛ Մայնի Ֆրանկֆուրտում, ոչ միայն անդրադարձավ Թուրքիայի ժխտողականությանը, Գերմանիայի 2016-ի բանաձեւով ստանձնած պատասխանատվությանը, այլեւ՝ Արցախում ընթացող ցեղասպանությանը, Բաքվից հայ ռազմագերիների ազատարձակմանը, իսկ նոր կազմվելիք ԳԴՀ կառավարությանը կոչ արեց սատարել Իլհամ Ալիեւին Միջազգային քրեական դատարան հանձնելու գործընթացին: Ի դեպ առաջիկա երեքշաբթի՝ մայիսի 6-ին Բունդեսթագում կկայանա կանցլերի հավանական թեկնածու Ֆրիդրիհ Մերցի ընտրությունը: Արտգործնախարարի տարբեր անուններ էին շրջանառվում, սակայն հայտնի է դարձել, որ Քրիստոնյա դեմոկրատների թեկնածուն Մերցի մտերիմ Յոհանն Վադեֆուլն է (Johann Wadephul (CDU), որ ԱԳ նախարար պիտի լինի: Առիթ ունեցել ենք «Ազգում» գրելու, որ 2009-ից Բունդեսթագի պատգամավոր, իրավաբան Վադեֆուլը հայտնի է Իլհամ Ալիեւի հետ բարեկամությամբ, բազմիցս եղել է Բաքվում: (Հատկապես այս թեկնածուին կանդրադառնանք առաջիկայում): Թե ինչպե՞ս պիտի շրջենք անիվը, որ ադրբեջանասեր Գերմանիան Ալիեւին ՄՔԴ-ին հանձնելու հարցում գոնե չխոչընդոտի, դժվար է ծրագրել, սակայն Համբուրգի համալսարանի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդի հստակ փաստագրությունը, դրա վրա կառուցված վերլուծությունը հույս է տալիս, որ միջազգային իրավունքի ընձեռած գիտելիքը եւ դրա կիրառումը կարող է ելք լինել, եթե դահիճի հետ զոհի հաշտության քարոզը մեզ չզրկի կյանքի եւ պայքարի իրավունքից:
2015-ից ի վեր Գերմանիայում խոսվում է Հայոց ցեղասպանության թեման դպրոցական ուսումնական պարտադիր առարկա դարձնելու մասին: Այսօր դրա կարեւորությունը նկատվում է նաեւ ՀՀ դպրոցներում: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավար Գզոյանի ասելով, հայերը թանգարան շատ քիչ են այցելում: Դպրոցից սկսենք: Հիշե՛նք, որ ապրենք:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում