«Սա համարում եմ արդարության, իրավունքի հաղթանակ։ Այն հույսի հաղթանակն է, որ ի վերջո ունենալու ենք մեր երեխաներին արժանի իրավական պետություն այն տեսանկյունից, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մարդկանց նկատմամբ չկիրառվի հարկադրանք, որ ունենալու ենք դատարաններ, որոնց վստահելու ենք բոլորս։ Դրա հույսի հաղթանակն է։ Սա անձնական հաղթանակ չեմ համարում»,- «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատարանի կողմից արդարացման վերդիկտ կայացնելուց հետո դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հիշեցրեց՝ այս գործը դարձել է կարևոր ցուցիչ նաև միջազգային կառույցների համար․ «Վերջերս Amnesty International-ը, որը բավական դրական զեկույց էր հրապարակել ՀՀ-ի վերաբերյալ, չէր կարողացել շրջանցել այս հարցը։ Բազմաթիվ մարդկանց գործերի մասին խոսք չկա այդ զեկույցում, ինչը բացթողում է, բայց այս գործի մասին կա։ Արևմտյան արժեքները քիչ թե շատ հասկացող մարդկանց համար այս գործը շատ տարօրինակ է, որ առհասարակ գոյություն ուներ, այս գործը իրավական տրամաբանության մեջ կյանքի իրավունք չուներ։ Մաքուր քաղաքական հետապնդում էր, որը բացառապես պայմանավորված էր «Իմնեմնիմի» հաղորդաշարի և անձամբ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ընդդիմադիր գործունեությամբ»։
Ըստ Ռուբեն Մելիքյանի, այն, որ դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց, դեռ վերջը չէ․ «Այս վարույթը դեռ չի ավարտվել այս դատարանում։ Մենք դեռ ունենք լրացուցիչ դատալսումներ, որից հետո, երբ կլինի դատավճիռը, այդ ժամանակ կարող ենք ուրախանալ։ Պատրանքներ չունենք, կարծում ենք, որ դատախազությունը մեծ հավանականությամբ կբողոքարկի, և մենք նորից կունենանք քննարկում արդեն Վերաքննիչ դատարանում։ Ամեն դեպքում ես կարծում եմ սա այն դեպքն է, երբ բացառապես արդարացվածների որոշումն է՝ ինչ-որ պահանջ կներկայացնեն, թե՝ ոչ։ Լինի պահանջ, թե՝ ոչ, ամենակարևորը մենք այսօր ստացանք, արդարացման վերդիկտ։ Մնացածը համարում եմ երկրորդական»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ