Հարց է առաջանում՝ եթե զինծառայողները քնած չեն եղել, ապա ինչով են զբաղված եղել, որտեղ են եղել ու ինչու չեն կարողացել դուրս գալ կացարանից:
Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում հարցաքննվեց զորամասի հրամանատար Գեւորգյանը ու սկանդալային հայտարարություն արեց՝ հայտնելով, որ մահացած զինվորներից ոչ մեկը քնած չի եղել, մի զինվոր է ընդամենը մահճակալի վրա եղել:
«Ես գնալով համոզվում եմ, որ տուժող կողմի կասկածները տեղին են եւ պետք է արձանագրենք, որ վարույթ իրականացնող մարմինն այս գործի նախաքննության ընթացքում չիրականացրեց համակողմանի քննություն, որի արդյունքում հնարավոր կլիներ հերքել կամ հաստատել շրջանառության մեջ դրված բոլոր վարկածները»,- շարունակեց Նորիկյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նիստի ընթացքում արծարծված հարցին, թե զոհված զինվորներից մեկն էր իր ծնողին դեպքից առաջ հայտնել, որ դիզվառելիքի գողություն է կատարվում զորամասի տարբեր ներկայացուցիչների կողմից ու գողության շղթան հասել է մինչեւ ՊՆ նախարար ու Նիկոլ Փաշինյան, պարոն Նորիկյանն ասաց, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզեր՝ արդյոք նշված տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
Ի դեպ, այսօր նիստում հարցաքննվող վկան՝ զորամասի հրամանատար Գեւորգյանը բացառեց զորամասում դիզվառելիքի ապօրինի շրջանառության, գողության հնարավորությունը:
«Նման խնդիր կատարած անձանց գիտե՞ք՝ ես ոնց կպատժեմ»,- արձագանքեց հրամանատարը:
Փաստաբան Նորիկյանի հարցին, թե գողությունն ինչ գործընթացով է իրականացվում, հրամանատարը պատասխանեց՝ նման բաներով չի զբաղվել, չգիտի՝ ոնց է արվում ու գողության մասին էլ տեղեկություն չունի. «Բանակից գողացողը ամենաքիչը Ալիեւի տղեն պետք է լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ