2025թ․ Գուրգեն Մելիքյանի՝ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»- ը (ԳՄՔԲԸՀ), որը մոտ 30 տարվա պատմություն ունի, շարունակում է իր բարեգործական ծրագիրը՝ սնունդ և հագուստ տրամադրելով Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին։
Ինչպես նախկինում նշել էինք՝ 2024 թվից հիմնադրամի հետ համագործակցում է կանադական «Global Medic» մարդասիրական կազմակերպությունը։ Ապրիլի վերջին ԳՄՔԲԸՀ-ի խորհրդի անդամների և «Global Medic»-ի կամավորների հետ երեք օր շարունակ սննդի տեսքով աջակցություն տրամադրվեց ավելի քան 40 բազմազավակ ընտանիքի։
Ապրիլի 29-30-ին շահառուները ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքի բակից ստացան իրենց հասանելիքը։ Շահառուների թվում էին Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներ։ Որոշ ընտանիքներ ունեն նաև նահատակված հարազատներ։ Շուշիում բնակվող Գրիգոր և Մարուսյա Սահակյանների 5 երեխաներով ընտանիքը նույնպես բռնագաղթվեց 44-օրյա պատերազմի պատճառով։ Գրիգորը հերոսաբար զոհվել է այդ պատերազմում։
Կարդացեք նաև
Այս անգամ Կանադայից Երևան ժամանած «Global Medic»-ի 4 կամավորների՝ Ալիսիա Լոկ-Մալեկի, Մայք Վուդի, Մարնի Մալաբարի և Քեյթի Քարավաջոյի հետ մայիսի 1-ին ԳՄՔԲԸՀ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի, հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանի, Գուրգեն Վարդանյանի, Ստելլա Մեհրաբյանի ուղեկցությամբ, այցելեցին 3 շահառու ընտանիք։
Արմեն Վարդանյանն ու Արմինե Բադալյանն ունեն 6 երեխա։ 2020-ին բռնագաղթվել են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից։ Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ վարձով բնակարանում։ Ընտանիքի ծնողներն ունեն նաև առողջական խնդիր, մշտապես ԳՄՔԲԸՀ-ի ուշադրության կենտրոնում են։ Ձմռանը նրանց հատկացվել էր վառելափայտ, վերջերս՝ 1 կթան կով։ “Global Medic”-ի կամավորները ծանոթացան այս ընտանիքի պատմությանը, բնակության պայմաններին։
Նուբար Դանիելյանը 3 զավակների հետ 2023-ին է մազապուրծ հեռացել հայրենի գյուղից՝ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշենից։ Պատմական այս գյուղը գտնվում է Ամարաս վանքի մոտ։ Սրբավայրի հարևանությամբ գտնվող սահմանապահ գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ զինվոր էին ու պաշտպանում էին հայրենի տունը։ 2020թ․ պատերազմից հետո թշնամին ավելի մոտեցավ Մաճկալաշենին։ Եվ գյուղի տղամարդիկ մշտապես հենակետերում էին։ 2023թ․ սեպտեմբերի 19-23-ին գյուղը մշտապես հրետակոծվում ու գնդակոծվում էր։
Չնայած բազում խնդիրներին՝ գյուղի պաշտպանները մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն։ Բայց պարտադրվեց բռնագաղթը։ Այդ մարտերում նաև մաճկալաշենցիներ նահատակվեցին։ Սկզբում Ջրվեժում, իսկ այժմ Նոր Խարբերդի այգեգործական հատվածում՝ վարձակալած բնակարանում է բնակվում նույն մարտերի մասնակից Անմահ հերոս-նահատակ Զորիկ Դանիելյանի ընտանիքը՝ կինը Նուբար Դանիելյանը, դուստրը՝ Անգելինան, և որդիները՝ Ալբերտն ու Դանիելը։ Դժվար է Նուբարի համար․ 2020թ․ 44-օրյա մարտերում էլ զոհվել են նրա 2 եղբայրները։ Բայց զավակների ապագան առջևում է, իսկ տունդարձին հավատում է։
Քրիստինե Ամյանն ունի 12 երեխա․ նրա ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից։ Այժմ ընտանիքը բնակվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղում։ Շահառուներին այցելելուց, համապատասխան աջակցությունը տրամադրելուց հետո մասնակիցները այցելեցին նաև Էջմիածնի Մայր տաճար։
Կանադացի հյուրերը ծանոթացան նաև Հայոց պատմության որոշ դրվագների, հայտնեցին շնորհակալություն Գ․ Մելիքյանին և նրա թիմակիցներին՝ ջերմ ընդունելության համար։
Զոհրաբ Ըռքոյան