Լրահոս
Օրվա լրահոսը

Մի պարադիգմի ավարտ, մի վտանգի վերելք. Արա Թորանյանի խմբագրականը Հայոց Ցեղասպանության ժխտման եւ Հայաստանի մեկուսացման մասին

Մայիս 03,2025 22:46

Մեկուսացած Երեւանը տեղի է տալիս Անկարայի եւ Բաքվի համատեղ ճնշման ներքո. Հայկական տեղեկատվական միջավայրից դուրս այս հայտարարությունը մեծ արձագանք չգտավ։ Բայց դրա հետևանքները հսկայական են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերով, որոնք արտահայտվեցին թուրքական հեռուստաընկերությանը տրված հարցազրույցներում մարտի կեսերին, Հայաստանը հասկացրեց, որ 1915 թվականի  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլեւս արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։  Գեղեցիկ նվեր՝ ժխտողականությանը՝ պատմական փաստի 110-ամյակի առթիվ։

Այն, ինչ երեք տասնամյակ եղել էր հայկական դիվանագիտության հենասյունը եւ Սփյուռքի համախմբման առանցքը, այժմ Երեւանի համար մղվել է հետնաբեմ՝ տարածաշրջանային ուժերի ճնշման ներքո։

Մինչ օրս Հայաստանը  Հայոց ցեղասպանության խորքային պատճառների՝ ռասիզմի, տոտալիտարիզմի, պանթուրքիզմի և ջիհադիզմի դեմ պայքարը համարում էր ոչ միայն հիշողության պարտք, այլև ազգային անվտանգության հրամայական։ Անցյալի դեմ արտահայտվելը նշանակում էր պաշտպանել ապագան։ Իսկ այսօր՝ մեկուսացած Երեւանը տեղի է տալիս Անկարայի եւ Բաքվի համատեղ ճնշման տակ։ Սա ոչ թե ռազմավարական ընտրություն է, այլ հարկադրական հնազանդում՝ լիովին անհավասար ուժային հարաբերակցության պայմաններում։

Հնարավոր էր գոնե հույս ունենալ, որ այս զիջումներից օգտվելու էին Բաքվում ներկայումս «դատվող» հայ գերիները։ Բայց Փաշինյանի ռեժիմը ոչ մի փոխհատուցում չի ստանում՝ ոչ այս հարցում, ոչ էլ մյուսներում։

Հստակ աջակցությունների բացակայությամբ Հայաստանը հետ է քաշվում բոլոր ճակատներում։ Նա համաձայնում է վերանայել իր Սահմանադրությունը՝ Ադրբեջանի պահանջով հանելով դրանից Արցախի վերաբերյալ ցանկացած հիշատակում։ Նա հրաժարվում է հայոց իրավունքների իրավական պաշտպանության ուղիներից՝ սպառնալիքների ներքո, այն դեպքում, երբ Արցախի հայերը ենթարկվել են էթնիկ զտման՝ 2020-ին սկսված եւ 2023-ին ավարտված՝ համընդհանուր անտարբերության պայմաններում։

Այս դիվանագիտական պարտությանը միանում է ռազմավարական խորը մեկուսացման խոստովանությունը։ Մոսկվայի հետ փաստացի կապերը խզելով՝ արևմտամետ «թավշյա հեղափոխությունից» ի վեր, Հայաստանը հրաժարվել է իր միակ ռազմավարական «գործընկերոջից»՝ որքան էլ այդ «հովանոցը» ծակ էր։ Սակայն Արևմուտքը, որի կողմն անցավ Հայաստանը՝ ի պաշտպանություն ժողովրդավարական իդեալների և ամերիկյան հմտորեն կառուցված «փափուկ ուժի» ներքո, չարձագանքեց։ Բացառությամբ Ֆրանսիայի՝ ցավալիորեն անբավարար աջակցությամբ, Երեւանն իր նոր գործընկերներից գրեթե ոչ մի կոնկրետ աջակցություն չի ստացել։

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի այցը Բաքու հենց ապրիլի 24-ի հաջորդ օրը եւ նրա «իրապաշտական» հայտարարությունները այս բռնապետության մասին՝ վկայում են Հայաստանի լքման մասին։ Այսպիսով՝ ասպարեզը մնում է  դատարկ։ Արեւմտյան բացահայտ ցինիզմից եւ Ռուսաստանի սառնասիրտ հեռանալուց օգտվելով՝ որը թողնում է Հայաստանին սեփական փորձով վերապրել իր հավատարմության հետևանքները Բրյուսելին ու Վաշինգտոնին, Անկարա-Բաքու տանդեմն անարգել իրականացնում է իր կամքը։

Էրդողանի և Ալիևի ղեկավարությամբ՝ այս երկու պետությունները, որոնք առաջնորդվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, քայլ առ քայլ առաջ են շարժվում դեպի իրենց նպատակները՝ ստեղծել տարածքային միավորում՝ Անատոլիայից մինչև Կենտրոնական Ասիա, ամրապնդել առաջնորդությունը իսլամական աշխարհում (տես Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի օրինակը) եւ ի վերջո՝ զբաղեցնել գերիշխան դիրք համաշխարհային քաղաքականության մեջ։

Իսկ Հայաստանի թուլացումը միայն ազգային ողբերգություն չէ։ Դա վկայում է ներգրավված երկրներում ավտոկրատիայի աճի մասին և ազդարարում պատմական անպատժելիության դոմինոյի էֆեկտի սկիզբը։ Սա պետք է անհանգստացնի ոչ միայն տարածաշրջանին։

Քանի որ պանթուրքիզմի տարածումը, որը բնականորեն խարսխված է ավտորիտարիզմի վրա, միտված չէ միայն թյուրքախոս տարածքների միացմանը։ Այն նաեւ ձգտում է ներսից թուլացնել եվրոպական պետությունները…

Այն, ինչ այսօր ապրում է Հայաստանը, դրա հետեւանքը վաղն այլ ձևով կարող է խաթարել Եվրամիության քաղաքական եւ մշակութային համախմբվածությունը։ Ուստի՝ հայկական պարադիգմի փոփոխությունն աննշան դիվանագիտական դրվագ չէ։ Այն սահմանում է մի փուլ՝ համաշխարհային ուժային հարաբերությունների վերակազմավորման գործընթացում։ Այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանի պարագայում, կարող է վաղը կրկնվել ցանկացածի մոտ: Հայաստանին միայնակ թողնելով՝ մոռացության եւ ինքնաոչնչացման մեջ, մենք զոհաբերում ենք բոլոր այն սկզբունքները, որոնք խաղաղություն են կերտել Եվրոպայում՝ հետևելով Գերմանիայի դենացիֆիկացիայի օրինակին: Եվ դրանով նախապատրաստում ենք վաղվա պարտությունները, որովհետև պատմությունն ունի ավելի երկար հիշողություն, քան տվյալ պահի դիվանագիտությունը։

Արա ԹՈՐԱՆՅԱՆ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ

Աղբյուրը՝ «Նուվել դ’Արմենի» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031