«Այդ դեպքով վարույթ կա նախաձեռնված և, բնականաբար, համապատասխան քննչական գործողություններ են կատարվում»,- հարցին՝ ի՞նչ է անում ՆԳՆ-ն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պահվածքի հետ կապված քննության առիթով, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ իրավապահ համակարգը նախապես չկանխեց այն, ինչ տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում և հարցին՝ ի՞նչ կարող էր ՆԳՆ-ն անել, որ չի արել, Արմեն Մկրտչյանը պատասխանեց․ «Կարծում եմ ոստիկանությունն արագ արձագանքել է դեպքին, երբ առերևույթ տեսանելի էր, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում։ Չեմ կարծում, որ թերացել է»։
Փաստմանը՝ երբ թաղապետը զանգահարել ու հայհոյանքներ էր հնչեցրել, այդ ժամանակ պիտի ոստիկանները գործողություններ կատարեին, որը չեն արել, ՆԳ փոխնախարարն այսպես արձագանքեց․ «Այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ արձագանքը ճիշտ էր»։ Լրագրողներն ասացին՝ բռնության ենթարկվածին բերման ենթարկեցին, մի՞թե դա էր ճիշտ գործողություն, փոխնախարարն այսպես պատասխանեց․ «Գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ և նաև թաղապետի նկատմամբ»։
Հարցին՝արդյոք բավարա՞ր է միայն այն, որ Նոր Նորքի թաղապետը ներողություն է խնդրել, Արմեն Մկրտչյանն այսպես պատասխանեց․ «Ներողություն խնդրելը մարդու իրավունքն է, ինքնարտահայտման միջոց, բայց պատասխանատվության առումով քրեական վարույթ է նախաձեռնված․ չգիտեմ՝ նախաքննության մարմինն ինչ կդիտարկի ներողություն խնդրելը»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ոստիկանությունն ի՞նչ սկզբունքով առաջնորդվելով էր բերման ենթարկել ոչ թե հարվածողներին, այլ հարվածները ստացողին, Արմեն Մկրտչյանը պատասխանեց․ «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկությունների հիման վրա։ Հասնում է դեպքի վայր, գնահատում իրավիճակը, համադրում տեղեկությունները և որոշումներ կայացնում իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ուղիղ հեռարձակումը չէին նայե՞լ, որտեղ երևում էր, թե ինչպես են հարվածներ հասցնում թաղապետարանի աշխատակիցները և թաղապետը, ՆԳ փոխնախարարը պատասխանեց․ «Ես ասացի, որ ոստիկանությունն արձագանքել է, և րոպեներ հետո ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ։ Սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել, և բնականաբար վարույթ է նախաձեռնվել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ