«Բոլոր դրվագները, որոնք բարձրացվել են մեր հայրենակցի կողմից՝ ժամի ու բովանդակության մասով, ինձ համար մտահոգիչ են։ Բոլոր հարցերը դառնալու են ուսումնասիրության առարկա։ Եթե որևէ բան ոչ համապատասխան լինի, հանգիստ եղեք՝ ռեակցիա կլինի»,-հարցին՝ այն, որ արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ են տարել Փաշինյանի դեմ գրառման համար, մեթոդները, որոնցով ոստիկաններն ուղեկցել են նրան քննչական մարմին, այդտեղ խնդրահարույց որևէ բան տեսնո՞ւմ եք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Հիշեցնենք՝ արցախցի Գայանե Մեսրոպյանը (լուսանկարում) «Ազատությանը» պատմել էր՝ «Սառան լացելով, Սառայի հետ իրենց ավտոյով մինչև այնտեղ թե ինչ վիճակով եմ գնացել, չեմ կարող ասել»: Ոստիկանները գիշերով նրանց տուն են եկել, ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ Քննչական տարել՝ վարչապետ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար:
«Ասում են՝ ուրախացեք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում, խմբով չենք մտնում», – գիշերվա միջադեպից պատմել էր Մեսրոպյանը:
Կարդացեք նաև
Վարչապետի մասին մեկնաբանությունը մեկ տարի առաջ է եղել, պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, դրանում «սատկացնել» բառն է եղել: Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից:
«Ինձ բերման են ենթարկել երեխուս հետ, լացելով, սթրեսի մեջ», – ասաց նա՝ հավելելով՝ ոստիկանները չեն էլ սպասել, որ տան անդամները դուռը բացեն, ներս են մտել ու առանց որևէ բացատրության պահանջել գիշերով Դիլիջանի Քննչական ներկայանալ. «Ձեռքերս դողում էր, ասում էի՝ շորերս հագնեմ, չէր լինում: Երեխուս հոգեկանը խանգարել են, խոխաս վատ վիճակում, ո՞վ է պատասխան տալու իմ երեխու համար հիմա, հիմա ես եմ ձեզ մեղադրում»:
Գայանեի ամենափոքրը՝ յոթ տարեկան Սառան, համազգեստավորներին տեսնելով, սարսափել է, սկսել է լացել, մորը գրկել: Փոքր աղջկա հեկեկոցն էլ ոստիկանների վճռականության վրա չի ազդել, մորը յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան են հասցրել: Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքն այնտեղ է գրանցվել. «Լացելով տարել ենք, Սառան ինձնից չէր պոկվում, ինձնից կախված, ցուցմունք եմ տվել գիշերը»:
Տագնապած Գայանեն ամբողջ ճանապարհին խնդրել է, որ ասեն՝ ինչու են իրեն հրատապ տանում, ինչ է արել, որ մանկահասակ երեխային էլ չեն խնայում: Ոստիկանները, որից մեկը կին է եղել, ոչինչ չեն ասել:
«Մի ժամ սպասել ենք, քննիչը եկել է, թղթերը հանել, թե սա Ձեր ֆեյսբուքյան էջն է, այսինչ գրառումը կատարել եք, դրա համար ենք Ձեզ բերման ենթարկել: Հետո էլ ասում են՝ խոսքի ազատություն է», – նշեց նա:
Արփինե Սարգսյանը լրագրողներին վստահեցրեց՝ հանձնարարել է ուսումնասիրելը իրավիճակը․ «Եթե նման իրավիճակ կա, միանշանակ ռեակցիա կլինի իմ կողմից»։
ՆԳ նախարարի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































