Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիբրիդային պատերազմ» «ցանկալի Փաշինյանի» դեմ

Մայիս 06,2025 10:00

Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանության մոտ կա որոշակի հակասականություն:

Ես միանգամայն համաձայն եմ, որ Փաշինյանը Ռուսաստանի համար անցանկալի չէ: Կասեմ ավելին՝ շատ ցանկալի է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի բոլոր հարեւանների եւ տարածաշրջանում շահեր ունեցողների համար: Պրեֆերանսում կա մի դերակատարություն, երբ մասնակիցներից մեկն, ըստ էության, չի խաղում, մշտական «փասի» մեջ է եւ կատարում է որոշակի ձեւական գործառույթներ: Ընդ որում, շատ ցանկալի է, որ նման «խաղացողն» ունենա երկնքին հասնող անձնական հավակնություններ եւ որեւէ բանով չհիմնավորված ինքնահավանություն՝ այդպիսիների հետ հմուտ խաղացողներին ավելի հեշտ է գործ ունենալ:

Այնպես որ, այո, Փաշինյանը Ռուսաստանին բացարձակապես չի խանգարում: Բայց եթե չի խանգարում, ինչի՞ վրա են հիմնված այն պնդումները, թե Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում: Պատերազմ, այդ թվում՝ հիբրիդային, մղում են թշնամի պետության դեմ, մասնավորապես, այդ պետությունում իշխանությունը եւ, հետեւաբար, քաղաքական կուրսը փոխելու նպատակով: (Գուցե մեր երկրում կան ընդդիմադիր ուժեր, որոնք դրա մասին են երազում, բայց դա իրենց խնդիրն է):

Բայց եթե Հայաստանի այս իշխանությունն անցանկալի չէ, եթե քաղաքականությունը (շեշտեմ՝ քաղաքականությո՛ւնը, ոչ թե «քույր կուսակցությունների» եւ հ/կ-ականների հռետորաբանությունը), ընդհանուր առմամբ, ձեռնտու է Ռուսաստանին, ապա ինչի՞ համար է պետք այդ պատերազմը: Այս պահին, օրինակ, ինձ թվում է, որ Կրեմլը 2026 թվականին բացարձակապես դեմ չի լինի, որ Փաշինյանը վերարտադրվի:

Եվ հետո՝ ինչո՞ւմ է արտահայտվում այդ «հիբրիդային պատերազմը»: Ինչ-որ մի հրապարակախոս կամ լրագրող ինչ-որ բան է ասում: Մեզ համար նրանք հիբրիդային պատերազմի մա՞ս են:

Ենթադրում եմ, որ դավադրապաշտական առասպելաբանությունը, ըստ որի, նույնիսկ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքն է Կրեմլը կազմակերպել, ներքին օգտագործման քարոզչության համար է՝ «տեսեք, մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար»: Մարդիկ կան, որ դրան հավատում են:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031