Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Երեւանում Եվրոպայի առաջնության մասնակցության հայտ չի ներկայացրել

Մայիս 06,2025 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 7-ից 11-ը Երեւանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին վստահության համար եւ առանձնահատուկ նշեց. «Հայաստանի մարզական պատմության մեջ պահն իսկապես պատմական է: Կարատեի հոբելյանական՝ 60-րդ Եվրոպայի առաջնությունն է, եւ մենք ընդունել ենք շուրջ 1000 մարզիկներ, ֆեդերացիաների նախագահներ, բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ 50 եւ ավելի երկրներից, որն, ինչ խոսք, պարտավորեցնող է: Իսկ մենք բոլոր առումներով պատրաստ ենք արդարացնել սպասելիքները:

Զուգահեռաբար ուզում եմ ընդգծել, որ մեր ռազմավարության մեջ առանձնահատուկ ընդգծված է՝ կազմակերպել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները Հայաստանում, հյուրընկալել երկրներին, որոնք միանշանակ նպաստելու են եւ լրացուցիչ խթան են հանդիսանալու սպորտի զարգացման եւ մասսայականացման համար: Ուզում եմ հավելել, որ բոլոր առումներով պետությունը կանգնած է սպորտի զարգացման համար, սպորտի մասսայականացման համար: Եվ մրցաշարն ընդհանուր առմամբ անցկացվում է պետության աջակցության ներքո»:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը նույնպես ողջունեց 50-ից ավելի երկրներից Հայաստան ժամանած հյուրերին եւ նշեց, որ 1000-ից ավելի մասնակից հյուրընկալելը աննախադեպ քանակ է հայկական սպորտի պատմության համար: «Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին եւ ուզում եմ հիշեցնել, որ այսօր անցկացվելու է Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որտեղ ընտրվելու է գործադիր կոմիտեի նոր ղեկավար կազմը»,-ասաց նա:

Արդեն հարց ու պատասխանի ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե մեզ հետաքրքրող երկրից պատվիրակություն ժամանե՞լ է Երեւան: Եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ. հրավեր չի՞ ուղարկվել, թե՞ հրավեր եղել է, սակայն մերժել են: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանն ի պատասխան ասաց, որ երբ քննարկվում էր առաջնության կազմակերպումը Հայաստանին վստահելու հարցը, մարզաձեւի աշխարհի ու Եվրոպայի ֆեդերացիան իրենից հետաքրքրվել է, թե Հայաստանը կարո՞ղ է ապահովել Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունը, ինչին ինքը պատասխանել է, որ Հայաստանը կարող է ապահովել բոլոր երկրների պատվիրակությունների անվտանգությունը: «Սակայն Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել: Հայտ ներկայացրել է Թուրքիան, որը 73 հոգանոց պատվիրակությունով արդեն այստեղ է»,-ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031