Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Թող Ռոբերտ Քոչարյանը մանդատը հլը վերցներ, գար, տեսնեինք՝ ո՞վ է ումից վախենում»․ Հայկ Կոնջորյան

Մայիս 07,2025 14:08

«Իհարկե, ոչ։ Պարզ չէ՞, որ սա բացարձակապես դատարկամիտ օրակարգ է։ Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հիմք գոյություն չունի»,- լրագրողների փաստմանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն արձագանքել է «Արթուն ենք» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի նամակին և իր պատրաստակամությունը հայտնել առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և հարցին՝ արդյոք ՔՊ-ականներն էլ հնարավո՞ր է միանան, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ըստ նրա՝ ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու և միմյանց քաղաքական գործընթացներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել․ «Թող, մրցեն, տեսնեն՝ ով է ավելի առաջ, ով ավելի հետ։ Սա իրենց խնդիրն է։ Որքան մոտենան ընտրությունները, ընդդիմադիրներն այնքան սկսելու են իրար դեմ պայքարել, թե որն է ավելի ընդդիմադիր»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես Հակոբ Արշակյանն է կարծում, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարիչ է, ինքն է՞լ է այդ կարծիքին, Հայկ Կոնջորյանն այսպես պատասխանեց․ «Այո, ես էլ եմ այդպես կարծում։ Բոլոր երկրներում բոլոր կառավարիչներն ունենում են հաջողություններ ու դժվարություններ, և մենք մշտապես զբաղվում ենք ինքնահայեցմամբ»։

Դիտարկմանը՝ խաղաղության օրակարգը, որով այս իշխանությունը գնում է, դեռ առկախված է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց․ «Ակնհայտ է, չէ՞, որ խաղաղության ճանապարհը բարդ է։ Այս ճանապարհին կարող են լինել խոչընդոտներ, տարաձայնություններ, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է։ Մեր ժողովրդին խոստացել ենք։ Խաղաղությունը լավ բան է, բայց դրան հասնելու ճանապարհը դժվար է։ Եթե միայն մեզանից կախված լիներ դա, կլիներ շատ արագ։ Մենք ասել ենք, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար հիմնարար արժեք է, և դրանից որևէ հետքայլ ու կոմպրոմիս չի լինելու։ Մենք հայտարարում ենք նաև, որ ՀՀ-ի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց այդ տարածքները վերադարձնելու ռազմական խնդիր չենք դնում, քանի որ կարծում ենք, որ սահմանազատման ճանապարհով կարելի է այդ հարցը լուծել»։

Լրագրողների այն հիշեցմանը, որ ընդդիմությունից հայտարարում են՝ Ռոբերտ Քոչարյանին որպես թեկնածու չեն առաջադրում, քանի որ ՔՊ-ականները հնարավոր է վախենան, Հայկ Կոնջորյանն այսպես արձագանքեց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանից մենք վախենում էինք, 2021-ին Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար, մեզ վախեցներ, կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն ինքը վախեցավ, որ չեկավ մեզ դեմ դիմաց կանգներ։ Ի՞նչ պիտի անեինք իրեն, պիտի խոսեինք, բանավիճեինք, ուրիշ ինչ-որ բան պիտի անեի՞նք։ Թող Ռոբերտ Քոչարյանը մանդատը հլը վերցներ, գար, հլը տեսնեինք՝ ո՞վ է ումից վախենում։ Կարո՞ղ է ինքը վախեցավ, դրա համար մանդատը չվերցրեց»։

Լրագրողները Հայկ Կոնջորյանին հակադարձեցին՝ եթե փայլուն է ղեկավարում Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ է ամեն ինչ վատ, թիմը տապալում է, Հայկ Կոնջորյանն արձագանքեց․ «Եթե յոթ տարվա մեջ 180 աստիճան փոխվել է, բա ո՞նց եղավ, որ 2021-ին քաղաքացիները մեզ տվեցին միանձնյա մեծամասնություն»։

Լրագրողների դիտարկմանը՝ Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն չհաղթեց, Հակ Կոնջորյանն այսպես արձագանքեց․ «Մենք 2021-ից առաջ էլ ենք որոշ ՏԻՄ-երում պարտվել և 2021-ին գնացել, հաղթել ենք։ Ո՞վ ասաց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ իշխանությունը պարտադիր բոլոր տեղերում մեծամասնության իշխանություն պիտի ունենա։ Դուք տե՞նց երկիր եք ուզում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031