«Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտվել, և մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա իմպիչմենտը հենց այնպես գործընթաց՝ առանց հիմքերի չպիտի լինի․ «Դրա հիմքերը, նախևառաջ, լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, որ կարողանանք քաղաքական ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականորեն հաջողեցնեն դա»։
Անդրադառնալով իմպիչմենտի նախաձեռնության հեղինակներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Այս նախաձեռնության հեղինակները որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում և պատասխանատվություն չեն կրում։ Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը, մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում լայն ընդվզող աջակցություն չեն կարող ապահովել։ Աշխատանքները ցույց են տալիս, որ եթե անգամ ընդվզող աջակցություն լինի, մենք չենք իմանում՝ արդյոք հաջողություն կունենանք, թե՝ ոչ։ Միայն թիրախավորել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մեզ համար անընդունելի է։ Մեզ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է դա արվում, Սեյրան Օհանյանը դա կապեց առաջիկա ընտրական գործընթացների հետ։
Կարդացեք նաև
Այն, որ իմպիչմենտ նախաձեռնողները հայտարարում են, որ լուրջ չեն «Հայաստան» դաշինքի այն հավաստիացումները, թե առաջինն իրենք են խոսել իմպիչմենտի մասին, Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց․ «Հենց իրենք են անլուրջ, որովհետև իրենք հասկանում են, որ իմպիչմենտ իրականացնելու, Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերն այսօր առկա չեն։ Դա նշանակում է նախօրոք գնալ ձախողման։ Այդ քայլերն այն քայլերն են, որ հենց Նիկոլ Փաշինյանին են պետք։ Այդ հիմքերը, եթե առկա չեն, հենց այնպես այդ գործընթացի գնալ, նշանակում է նախօրոք իմանալ, որ ձախողելու ենք։ Շուրջ 20 այլ պատգամավորների աջակցություն է պետք»։
Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ այս իշխանություններն ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը պահելու համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































