«Էդգա՞րն ու Նարե՞կն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ո՞ւմ են պարտադրելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության նախաձեռնության մասին։
«Նարեկը հաճախ նաեւ լկտիանում է։ Ասում է՝ 2021-ին խաբել են ավանտյուրիստի նման, քվե էին կլյանչիտ անում, ընդդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասում եմ՝ լկտիությամբ նրա հետ կարող են մրցել միայն ՔՊ-ական մի քանի պատգամավորներ ։
Թող ձյուն չգա Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի գլխին, թող կանաչ արեւ ունենան։ Բայց թող չափերն իմանան։ Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչեւ 2026 թվականը․ հիշեցնելով ՀՀԿ-ից հնչած այն հայտարարությունները, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ իշխանափոխություն անել, Աղվան Վարդանյանն ասաց․ «Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի՝ կտեսնենք։ Վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենթ սկսելը չէ։ Ինձ համար այս թեման այլեւս փակ է։ Որովհետեւ «Հայաստան» դաշինքի եւ 2-րդ նախագահի դեմ կազմակերպված այս արշավը բարոյական չէ։ Իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ առաջիկա քաղաքական գործընթացներին իր թիմը լուրջ եւ ծանրակշիռ մասնակցություն է ունենալու, Աղվան Վարդանյանն ասում է՝ դրանից հետեւում է, որ հենց այսօր իմպիչմենտի գործընթաց սկսելը Ռոբերտ Քոչարյանը լուրջ չի համարում։
Աղվան Վարդանյանը համամիտ է գործընկերոջ՝ Արմեն Ռուստամյանի այն բնութագրման հետ, որ իմպիչմենտի գործընթացն ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան իշխանության դեմ պայքար, քանի որ արտախորհրդարանական շատ ուժեր պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ Աղվան Վարդանյանի՝ սա վատ չէ, քանի որ ուժեղի դեմ են պայքարում եւ այդ պայքարով էլ ավելի են ամրացնում Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։
Աղվան Վարդանյանը հատուկ հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանին իր թշնամին չի համարում։ Իր բնութագրմամբ՝ եթե ընդդիմադիր դաշտում համախմբվելու, միասին առաջ գնալու քայլերը մինչ օրս արդյունք չեն տվել, մնում է միակ ճիշտ ճանապարհը՝ տարանջատվել եւ յուրաքանչյուրն իր վարկանիշը բարձրացնելու վրա աշխատի։ Իսկ ՀՀԿ-ական իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից, ըստ նրա, սկսվել է 2008 թվականից հետո։
Որ Հայաստանի հաջորդ իշխանությունն այլեւս ՔՊ-ն չի լինելու, Աղվան Վարդանյանը համոզված է։ Համոզված է նաեւ, որ ՀՀ հաջորդ իշխանությունը միաբեւեռ չի լինելու։
Պատասխանելով մինչ այժմ եղած ընդդիմադիր շարժումների ձախողումների մասին հարցերին էլ Աղվան Վարդանյանն ասաց, որ ՔՊ-ական իշխանությանը հեռացնելու համար շատ ավելի հուժկու շարժում է պետք, իսկ «Հայաստան» խմբակցությունը կմիանա վարչապետի ցանկացած թեկնածուի առաջարկին։
Աղվան Վարդանյանը նաեւ ասաց, որ տեղեկություններ չունի ՌԴ նախագահի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս կայացած հանդիպման, զրույցի թեմայի մասին․ «Մամուլում հրապարակում է եղել, որ նման հանդիպում եղել է․ դա չի հերքվել, չի հաստատվել։ Իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում, իսկ իմ իմացածի մասին երբեմն չեմ ասում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ 2017 թվականին ՀՀ նախագահի նստավայրում Աղվան Վարդանյանն ու Արմեն Աշոտյանը ստորագրում են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիայի հուշագիրը