«Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում։ Դեռևս տեքստը մշակման փուլում է։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ»,- լրագրողների հարցին՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ կապված ի՞նչ նորություններ կան, ի՞նչ կարծիք ունի Անկախության հռչակագրի՝ Սահմանադրության նախաբանից դուրս գալու մասին, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հայտնեց, որ հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը․ «Մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին։ Չեմ կարող հանրաքվեի ժամկետներ նշել։ Միշտ նշում եմ, որ տեքստը տասն ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Չենք քննարկել ժամկետներ, թե երբ է դա դրվելու հանրաքվեի։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային որոշ դրույթներ հանրության դատին կհանձնենք։ Կուլիսների ետևում պահելու որևէ առիթ ու հնարավորություն չկա։ Ասելու ենք, իհարկե, վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու նոր սահմանադրության ընդունմանը՝ կողմ կամ դեմ։ Կասվի և բավարար ժամանակահատված կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք»։
Դիտարկմանը՝ Ձեր շփումը լրագրողների հետ կարծես չի ստացվում, արդյոք թիրախավորո՞ւմ եք ընդդիմադիր և իշխանական լրագրողներին, Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց․ «Մինչ այժմ չգիտեմ՝ որ լրագրողն է ընդդիմադիր և որը իշխանական, եթե այդպիսի բաժանում գոյություն ունի։ Կարծում եմ՝ փաստարկված կարող եմ խոսել ու ասել, որ ես պաշտոնատար անձ եմ, որը լրագրողների հետ շփումներում բաց է։ Բայց ինչպես յուրաքանչյուր ողջամիտ մարդ, տանել չեմ կարողանում, երբ ինձ կողքից մարդիկ ընդհատում են։ Իմ արձագանքը արձագանք է անհարգալից վերաբերմունքի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ