«Բախտներս բերեց, հարցի հնարավորություն ունեցանք, դահլիճից էլ չհեռացրիք, պարոն Սիմոնյան։ Չեմ հասկանում՝ էլի, մյուս նիստին հավաքվեք ձերոնցով, մեկդ մյուսին ասեք՝ մեծարգո, ձերդ գերազանցություն, մի հարց տվեց, մի սպասեք, որ պատասխանեն, դու ձեր հարցին պատասխանեց, վերջացրեք, գնացեք»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Այնուհետև շարունակեց․ «Մենք այստեղ հարցեր ենք բարձրացնում, որ պիտի ուշի ուշով կառավարության ղեկավարն ու անդամները լսեն, գրի առնեն, ասեն՝ էս ի՞նչ հարցեր են, հետամուտ լինենք, տեսնենք՝ որտեղ, ինչ է կատարվում»։
Նա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվում Ազատամուտ համայնքի տարածքում, դա ի՞նչ կապ ունի սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հետ»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Որ խոսում եք գրի առնելուց, ասեմ, որ գրի էլ ենք առնում, զուգահեռ այն պաշտոնյաներին, ում վերաբերում է, նաև գրում էլ ենք, երբեմն ուշ կամ շուտ պատասխան ենք ստանում»։
Ազատամուտի հետ կապված ասաց․ «Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ, դժվարանում եմ ասել։ էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան և մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն կարող ունենալ․ «Այդ սպասումը ձևավորել, որ կարող է թաքուն սահմանազատման աշխատանքներ տեղի ունենալ, այդքան էլ ճիշտ չէ»։
Գառնիկ Դանիելյանը հարցրեց՝ եթե սահմանազատման աշխատանքները սկսելու են Վրաստան, Հայաստան, Ադրբեջան հատվածից, մնացած հատվածում ինչի՞ են աշխատանքներ կատարվում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այն, ինչ Դուք ասում եք, չի կարող սահմանազատման հետ որևէ կապ ունենալ։ Տեղյակ եք, որ մոտակայքի այլ բնակավայրերում աշխատանքներ են տեղի ունենում՝՝ այդ թվում ինժեներական։ Չափագրում է արվում, շինարարություն են անում։ Կարող ենք կազմակերպել, ձեր ամբողջ խմբակցությանը ուղեկցենք, գնաք, տեսեք, թե ինչ աշխատանքներ են այնտեղ կատարվում։ Կիրանցի պատի մասին էլ, որ հարցնում եք, թե Կիրանցի պատը ճաքել է, ասեմ, որ նախ շինարարության մեջ պատը կարող է և ճաքել, բայց էդ ձեր տեսածը, որտեղ ես կանգնած եմ, պատը չի ճաքել, դա երկու առանձին պատերի միացման տեղ է, որը ներկվել է, և քանի որ արանքում տարածություն կա, ներկն է ճաքել, ձեր սուր աչքին մեռնեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ