«Ինձ տեսնող համաքաղաքացիներն առաջինն ասում են՝ եղբայր, գողանում են մեր եղածը տնից, ավտոյից մեր գրպանից, գողանում են»,-խորհրդարանում Աննա Վարդապետյանի՝ դատախազության 2024 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Դիմելով Աննա Վարդապետյանին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց․ «Տիկի′ն դատախազ, Դուք ունեք բարձր պաշտպանվածություն, գրպանահատը Ձեզ չի հասնի, Ձեր մեքենայից էլ գողություն չեն անի, Աստված էլ չանի, որ Դուք փաստի ուժով տեսնեք, թե դա ինչ բան է»։
Թադևոս Ավետիսյանն ահազանգեց՝ ավտոբուսից էլ են տանում մարդկանց գումարը, տներից են գողանում մարդկանց արդար քրտինքը։ Նա հորդորեց թվային վերլուծություն անել, թե քանի դեպք է եղել բնակարանային գողություն և գրպանահատության, քաղաքացիների սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններով քանի՞ դրամի վնաս է հասցվել ՀՀ քաղաքացիներին․ «Ասում եք՝ իրականացնում ենք բարեփոխումներ։ Եթե գրպանահատությունն ավելանում է շեշտակի, և այդ ընթացքում գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը ոստիկանությունից վերանում է, դրա տեղը ավելանում են հիմա արդեն Վոլվո ջիփերով շրջող, քաղաքացիներին պատեհ և անպատեհ տուգանող պարեկները, պարզ հարց է առաջանում՝ պարեկը Վոլվոյի միջից ո՞նց է հայտնաբերելու գրպանահատությունը ավտոբուսում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ