«Այսօր Արցախը գերեվարված է, բայց առնվազն վերջին երեք տասնամյակում երրորդ Հանրապետության տարեգրության մեջ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն։ Բեռլինը գրավողների ժառանգները, թոռները 1992 թվականի մայիսին ազատագրեցին հայկական Շուշին»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով հարցին, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները մայիսի 9-ը եռատոն չեն համարում, Շուշիի ազատագրման օրը չեն նշում (մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր նման հայտարարություն արել), Շարմազանովն ասաց․ «Ի՞նչ պետք է ասեն կապիտուլյանտները։ Եթե Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը եռատոնը մսխել են, Արցախը նվիրել են Ադրբեջանին, ի՞նչ էիք ուզում, որ ասեին։ Ես պարզապես զարմանում եմ, որ իրենք այս օրով անամոթության շքերթ են կազմակերպում եւ գալիս են այստեղ։ Արեցին այնպես, որ մենք այսօր եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում, որովհետեւ եռատոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը Արցախի բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ հիմա բոլորին մեղադրում է դրա մեջ։ Բայց պատմության մեջ ինքը մնալու է որպես կապիտուլյանտ եւ Արցախը հանձնող»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին, Շարմազանովն ասաց․ «Գնացել է այնտեղ, որովհետեւ լավ չի կողմնորոշվում, թե ուկրաինական ճգնաժամն ինչպես է ավարտվելու։ Հիմա հենց հասկանա, որ ուկրաինական ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, էլի մենք ականատես կլինենք «Վլադիմիր Վլադիմիրովիչ, սպասիբո»-ների շարքին։ Հենց Ռուսաստանն անհաջողության հայտնվի, այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից։ Բայց Նիկոլ Փաշինյանն ինքը դասական առումով թուրքամետ գործիչ է, ինքը սպասարկում է այս տարածաշրջանում Թուրքիայի շահերը։ Եվ երբ ինքը Էրդողանի գիրքը վերցրեց ու սեղմեց իր կրծքին, Հայաստանը դարձրեց թուրքական շահերի սպասարկման վայր»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ