Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակը ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ. Բագրատ սրբազան

Մայիս 09,2025 14:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Այսօր այցելում ենք հաղթանակած մարդկանց՝ իրենցից խնդրելու մեզ հաղթանակի առաջնորդել, որը դժբախտաբար ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ: Այդ հաղթանակն ու կենսագրությունն է մեզնից գողացվել: Այդուհանդերձ, այդ սխրանքն ու հերոսությունը ոչ մեկը չի կարող ջնջել մեր կյանքից,- Եռաբլուրի պանթեոնում մայիսյան եռատոնի առիթով այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նա նաեւ նկատեց, որ հաղթանակները մեր կյանքում ոչ թե պետք է հուշ դառնան, այլ պետք է մեզ համար դառնան ուղղակիորեն վերակազմավորվելու ու մեր հաղթանակները վերստին հետ նվաճելու նպատակ, որոնք մեզ են պատկանում, ոչ թե ուրիշին. «Մենք կոչում ունենք մեր տղաներին վերադարձնել հաղթանակ, երազ, հայրենիք»:

Բագրատ սրբազանի խոսքով, Արցախի ու մեր բոլոր տարածքների կորուստը, զոհերը, անհետ կորածները, Բաքվի բանտերում ռազմագերիների առկայությունը այսօրվա իշխանության ճակատին որպես խարան են դաջված, անկախ նրանից, ինչ կխոսեն, ինչի մասին կգոռան. «Այս ամբողջ ողբերգության պատճառը նրանք են, որ մենք այսօր ամոթով ենք մուտք գործում Եռաբլուր: Մինչդեռ ժամանակին մեր գլուխները բարձր գալիս էինք՝ ծունկ խոնարհելու մեր զավակների առջեւ»:

Նա նկատեց, որ խաղաղությունը հաղթանակով է ձեռքբերվում, մուրալով չէ, ոչ էլ տարածք հանձնելով. «Սա ոչ մեկի հորական տունը չէ, որ ինչ-որ բան հանձնելով ՝ խաղաղություն ստանան: Խաղաղություն երբեք չի կարող լինել, քանի չունես հաղթանակ: Իսկ խաղաղությանը պետք է պատրաստվել: Մեր թշնամիները տարիներով պատրաստվել են ու այսօրվա չարիքի իշխանության պատճառով ու միջոցով մենք այսօր զրկվել ենք թե՛ ներքին, թե՛ ընդհանրական խաղաղությունից»:

Դիտարկմանը, թե իշխանությունները Կիրանցի պատը ինքնիշխանության, պետականության վկայություն են համարում, Բագրատ Սրբազանն ասաց. «Կիրանցի պատը մեր ամոթի պատն է, իսկ մնացած բոլոր բարբաջանքները ինքնիշխանության, անկախության մասին… այս մարդիկ այդ բոլորը կործանել են։ Սրանից նրանից խաղաղություն մուրալն ինքնիշխանությո՞ւն է։ Խնդրել, աղաչել, որպեսզի քեզ քարտեզներ տրամադրեն, դա ինքնիշխանությո՞ւն է։

Ընդամենը մի քանի օր առաջ իշխանության ներկայացուցիչները ընդդիմադիրներին մեղադրում էին Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. սա՞ է ինքնիշխանությունը։

«Չկա ինքնիշխանություն, այսօր մենք ոչ խաղացող ենք, ոչ դերակատար, ոչ էլ ասելիք ունեցող։ Մենք սեղանի կողքը նստած չենք, այլ սեղանի վրա են դրել մեզ և սրանք էլ համաձայնվել են այդ սեղանի վրա գտնվել, այնքան որ կարողանան իրենց փողի և իշխանության հաճույքները վայելել։ Ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ նահատակություն, ի՞նչ սրբազնություն, ի՞նչ արժեքներ, ի՞նչ գաղափար, ի՞նչ հայրենիք, ոչ մի բան, ոչ ինչ։ Հետևաբար` իրենք իրավունք չունեն խոսելու ոչ ինքնիշխանության մասին, ոչ էլ այլ բարձր արժեքների մասին։

Ինքնիշխանություն կունենաս այն ժամանակ, երբ որ կթելադրես, երբ հաղթանակած կլինես, երբ աշխարհը քո չափով, քո բաժնով, քեզ հետ խոսքի և հաշվի կնստի, և ոչ թե այսպես աջ ու ձախ զարնվելով գնդակի պես այս կողմ, այն կողմ թափառելով։

Չկա մի երկիր, մի ժողովուրդ, որ հողեր հանձնելով, հայրենիք հանձնելով հպարտանա»,– հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031