Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկամսյա կալանք՝ լրագրող Լիլիթ Աղեկյանին․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հաղորդում

Մայիս 09,2025 19:21

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մեկամսյա կալանքի ենթարկել գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին։  Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Զարուհի Փոստանջյանը, որը նրա շահերն է ներկայացնում, սակայն երեկվանից նրան չեն թույլատրում ներգրավվել որպես փաստաբան՝ պատճառաբանելով, թե վկա է եղել այն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Լիլիթ Աղեկյանին։

Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Փաստաբանը, որին կանչել էր քննիչը և որը ապօրինի էր մասնակցում դատավարությանը, նոր ինձ զանգահարեց և շատ մեծ ուրախությամբ տեղեկացրեց, որ Լիլիթ Աղեկյանին մեկ ամսով կալանք են տվել։

Պատկերացնո՞ւմ եք, և այն անձը, որը ներգրավվել է որպես հանրային պաշտպան, այս անձը մասնակցել և օրինականացրել է այս ապօրինությունը։ Հանրային պաշտպանի գրասենյակին եմ ես կոչ անում՝ հետաքննել այս անձի գործունեությունը, ի՞նչ հիմունքներով է նա ներգրավվել այս գործընթացի մեջ, որի իրավունքը չուներ, որովհետև Լիլիթ Աղեկյանը նրանից հրաժարվել է, դատարանի առջև է նրանից հրաժարվել, բայց այս մարդը եկել, մասնակցել է, որպեսզի օրինականացնի դատախազ Չիչոյանի և քննիչի այս ապօրինությունները»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա նաև նշեց, որ Լիլիթ Աղեկյանին փաստացի զրկեցին պաշտպանվելու իրավունքից, խոշտանգումներից զերծ մնալուց։

Ըստ փաստաբանի,  այս ամենը արվում է այն պատճառով, որ Լիլիթ Աղեկյանին զրկեն կոռուպցիայի դեմ պայքարելու հնարավորությունից։

Ըստ Զարուհի Փոստանջյանի, նա հայտարարել է՝ ուրախ է, որ ՔՊ-ն մաքրվել է Գյումրիից։

«ՔՊ-ի դեմ պայքարը չեն ներում», -ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա կոչ արեց Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցություններին գալ և պայքարել Լիլիթ Աղեկյանի իրավունքների համար։

Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը մեր հետ զրույցում ասել էր,  թե  իրեն հստակ հայտնի չէ՝ ինչ քրեական վարույթի շրջանակում են ուզում կալանավորել Լիլիթ Աղեկյանին։

Նրան միայն բանավոր տեղեկություն էին փոխանցել, որ նա մեղադրվում է խուլիգանության և դատարանին վիրավորելու մեջ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031