«Ինձ տեղեկացրել են, որ Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունել»,- քիչ առաջ ԱԺ աշխատակիցը հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանին։
Արդեն տեղեկացրել ենք, Էդգար Ղազարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի, ինչպես նաև հանձնաժողովների հետ հանդիպումների համար էր գրանցվել։ Նա այսօր հանդիպել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն փաստին, որ իրեն հայտնել են, թե Ռուբեն Ռուբինյանը հենց իրեն նպատակահարմար չի համարել ընդունել, ասաց․ «Ցանկացած քաղաքացու պետք է իրենք ընդունեն։ Նա, փաստորեն, ինձնից առաջ քաղաքացիների է ընդունել, հետո էլ գուցե կընդունի, այսինքն՝ չի պատրաստվում միայն ինձ ընդունել։ Ուղղակի խուսափում է, վախենում է երևի այն փաստարկները լսելուց, որ ես ներկայացնում եմ, ըստ էության, պատասխաններ չունի։ Սա ձև չէ։
Ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել՝ մարզպետ։ Երբ քաղաքացիների ընդունելություն է եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը։ Նման բան չեմ տեսել՝ ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին։ Ես կբողոքարկեմ նրա անգործությունը… Սա պատասխան ունենալու է, սենց չի մնալու․․․»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ինքն ու նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել խորհրդարանում և ըստ նրանց՝ ամենայն հավանականությամբ իրենց վարչապետի թեկնածու է դառնալու նախկին ՔՊ-ական գործիչներից մեկը։
Էդգար Ղազարյանն այս առիթով ասաց․ «Դա իր մոտեցումն է։ Իր հայտարարությունները, նախաձեռնությունը մեր տրամաբանությանը չի հակասում։ Մենք բոլորին ենք դիմել՝ պատգամավորներին։ Պետք է վերահսկեն կառավարությանը և սկսեն անվստահության գործընթաց։ Ես չեմ կարող Հովիկ Աղազարյանին ասել, թե վարչապետի թեկնածուի հարցում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ