Կայացավ Մավր Մկրտչյանի մենահամերգը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայկական ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանի մենահամերգը՝«Կանչ հայոց տան» խորագրով: Համերգի ռեժիսորն էր Արամ Սուքիասյանը: Երգչի առաջին մենահամերգը եղել էր 2013 թ.-ին: Եվ այսքան տարվա դադարից հետո պետք էր մոտենալ ամեն ինչին շատ բծախնդրորեն: Համերգային ծրագիրը կազմված էր թեմատիկ բաժիններից՝ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, հոգևոր, ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական, հայրենասիրական, ֆոլկլոր և հեղինակային երգեր: Երաժշտախմբի ղեկավարն էր Գարեգին Առաքելյանը: Համերգի մեկնարկը տրվեց Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո» ստեղծագործությամբ՝ կենդանի նվագակցությամբ:
Յուրաքանչյուր կատարման ժամանակ էկրանին ցուցադրվում էի պատկերներ տվյալ երգին համահունչ: Իսկ պրոֆեսիոնալ երաժիշտների նվագակցությունը, պոեզիայի հատընտիր հատվածներն ամբողջական էին դարձնում համերգային երեկոն:
Կարդացեք նաև
«Մենահամերգը երգչի այցեքարտն է, հետևաբար այդ այցեքարտը ստանալու համար պետք է ամեն մի դետալի վրա աշխատել», –ասում է Մավր Մկրտչյանն ու հավելում, երբ դահլիճում նստած են նաև ոլորտի գիտակները, մարդիկ ովքեր, քո կայացման ճանապարհին մեծ ներդրում են ունեցել, պատասխանատվությունդ կրկնապատկվում է»:
Մավր Մկրտչյանի հետ բեմը «կիսեցին» որդին, որը կատարեց բավականին բարդ երգ «Հորովելը» և հանդիսատեսի համար հաճելի անակնկալ էր, երբ զուգերգով հանդես եկավ կնոջ հետ:
«Ամենաշատը հուզվում էի որդուս կատարումից, մտավախություն ունեի, քանի որ բավականին բարդ երգ էր ընտրել, բայց առաջին նոտայից հետո արդեն հանգիստ էին: Երգի ընտրությունը իր գաղափարն ես էլ դեմ չէի: Եվ այստեղ ոչ այնքան երգի լավ կամ վատ կատարում էր, այլ այն որ երեխան ազգայինի հիմքով է դաստիրակվում, ինչը պետք է օրինաչափություն լինի ազգի համար», – ասաց Մավրը:
Թերևս երեկոյի ամենահուզիչ և զգացմունքային կատարումն այն էր , երբ երգչախմբի հետ միասին Մավրը առանց բարձրախոսի հնչեցրեց Մակար Եկմալյան:
«Երազ երկիր հայրենի» երգը արտիստը կատարեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ միասին:
Հետո արդեն բեմից խոսեց իր երազանքի մասին՝ կրկին Հայոց տունը վերագտնել:
«Հայրենասիրությունը միայն երգեր երգելով չի, ինձ համար հայրենասիրությունը ապրելակերպ է: Իսկ հայ լինելը շատ բարդ է: Պետք է շատ սիրես երկիրդ, քաղաքդ, ազգիդ… Իսկ արտիստը կրում է պատասխանատվություն ու այն պետք է պատվով կրի», – ասաց մեր զրուցակիցը:
Համերգի վերջին ակորդը տրվեց՝«Կանչ հայոց տան» երգով: Երաժշտության հեղինակը Մավրն է. պատմեց, որ այդ երգը ծնվել է արցախյան կորստի օրերին. «Մի քանի օրում է ծնվել այս երգը, այստեղ շատ էմոցիաներ կան, կոչը կա, որ ժամանակն է ոտքի կանգնելու: «Ելեք եղբայր փողն ու շահը դնենք մի կողմ, անցնենք հայրենիքի կողմ: Համախմբել ու հայ լինել է պետք»:
Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ