«Պատահական չէ, որ քննչական մարմինների ղեկավարների ներկայացուցիչներն այս ամբիոնից հնչեցնում են կոնկրետ մեղադրանքներ և իշխանությանը բնորոշ կարևոր մի հատկությամբ՝ այն է պատմությունը խեղաթյուրելը, փաստերը խեղաթյուրելը, իրականությունը գլխիվայր շուռ տալը»,-խորհրդարանում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի կողմից 2024-ի հաշվետվության ներկայացումից հետո «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ հայտարարեց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա ասում է՝ այս ո՞ւր ենք հասել․ Ռոբերտ Քոչարյանի որդին այս ամբիոնից հալածյալի դիրք է բռնում, Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «ԱԺ նիստը նախագահող պարոն Արշակյանը փոխանակ պատգամավորին ասի՝ պատգամավորի նկատմամբ հարգանքով խոսիր, նա ունի անուն ազգանուն, ժպտում է այնտեղից։ Լևոն Քոչարյանի անունը ձեր պատգամավորը չգիտի՞։ Կարո՞ղ եմ ասել՝ Գեղարքունիքի տղա։ Ճիշտ չէ։ Այս ամբիոնն օգտագործում եք ատելությունն ու թշնամանքը նորից տարածելու համար, դուք չեք ընմբռնել, որ իշխանությունը պատասխանատվություն է»։
Արծվիկ Մինասյանն ասաց՝ մինչև այսօր անընդհատ այս իշխանությունը փորձ է անում բոլոր մեղքերի մեղավորը համարել նախկիններին․ «Դուք մի իշխանություն եք, որ 1988-արցախյան շարժման հիման վրա ձևավորված հաղթանակի տոները վերացրել եք, չկա։ Ոչ մայիսի 9-ը՝ Եռատոնը, ոչ սեպտեմբերի 2-ը չկան։ Վերացրել եք։ Հիմա էլ հարձակվում եք մեր պապերի բերած տոների վրա։ Դուք մեր ժողովրդին չեք թողնում տոն, դուք բերում եք սուգ, ավեր կոտորած։ Հաղթանակների կերտած նախագահներին ու ՊՆ նախարարներին ասում եք՝ ի՞նչ են արել իրենց ժամանակ։ Ամոթ է՝ իրենց ժամանակ կերտվել է անկախ Արցախ, հայոց բանակ, հպարտ, ուժեղ Հայաստան, որը միջազգային ասպարեզում խոսք ուներ։ Հիմա ի՞նչ եք թողել․ թողել եք խեղճ ու կրակ մի պետականություն, այն էլ ամեն օր տանում եք հարվածի տակ։ Ոստիկանները, որոնց մեղադրում եք, որ նախկինների ժամանակ ոնց էին ջարդում, փշրում, այսօր այդ ոստիկանները ձեր իշխանությանն են ծառայում, բա պատժե՞ք, եթե դուք ժողովրդավար եք, եթե օրինականությանն եք հետևում, թե՝ հաճելի չէ։ Մենք էլ ենք պնդում՝ հոկտեմբերի 2-ը, մարտի 1-ը, նոյեմբերի 9-10-ը և բազմաթիվ բաներ բացահայտեք։ էն ժամանակ էլ էին դատախազական, քննչական մարմինները ձեր ձեռքում, բացահայտեք»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Քոչարյանի որդի ձևակերպումը վիրավորական չեմ համարել, դրա համար չեմ ընդհատել։ Եթե կոռեկտ չեք համարում Քոչարյանի որդի ձևակերպումը, ես իմ գործընկերոջը կփոխանցեմ, որ էլ Քոչարյանի որդի չասի»։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ արձագանքելով Արծվիկ Մինասյանին ասաց․ «Սիրում եք ասել՝ հաղթանակած նախագահներ, չեմ հոգնի հիշատակել՝ այդ հաղթանակների հետևանքն ու արդյունքը ՀՀ-ի համար ո՞րն էր։ 1994-ի հրադադարից հետո, հաղթանակներից հետո պետք է հաղթանակների պտուղներ լինեին, բայց եղան 1996-ի կեղծված ընտրությունները, որով դրվեց ՀՀ-ում ժողովրդի կամքը բռնաբարելու ինստիտուտի, որը կատարելագործեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը»։
Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն էլ անդրադառնալով պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի հայտարարություններին՝ ասաց․ «Վարույթն իրականացնող մարմինը քննչական կոմիտեն է, արարքի իրավական նախնական գնահատականը քննչական կոմիտեն է տալիս, ոչ թե ԱԺ պատգամավորները։ Ասում եք՝ Նոր Նորքի թաղապետարանում կատարվածն ինչո՞ւ չեք որակում՝ խուլիգանական։ Ճաշակի հարց չէ, ըստ նպատակահարմարության չէ, օրենքը, իրավակիրառ պրակտիկան ճաշակով չեն որակում։ Արարքը հստակ է՝ ֆիզիկական ներգործություն։ Ասում եք՝ ինչո՞ւ չեք ձերբակալել։ Էլի ճաշակի հարց չէ, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, դրա վերաբերյալ վարույթով անձը չի կարող կալանավորվել, անհնար է , որ կալանքի վերաբերյալ նույնիսկ միջնորդություն ներկայացնենք»։
Արթուր Պողոսյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց․ «Քրեական հետապնդում ենք հարուցել անձի նկատմամբ էլ ի՞նչ եք ուզում անենք։ Բացեք օրենքը»։
Այնուհետև ամփոփելով իր խոսքն ասաց․ «Վստահ եմ, որ հնչեղություն ունեցող գործերով մյուս տարի այս ժամանակ իմ հերթական հաշվետվության ժամանակ առնվազն ձեզ մոտ այս հարցերի գերակշիռ մասը լուծում ստացած կլինեն։ Թե դրանից ով գոհ կմնա, ով դժգոհ, չգիտեմ, բայց հանրության գերակշիռ մասը սպասում է այդ քրեական վարույթների հանգուցալուծմանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ