Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի երեխաներն իրենց գեղեցիկ ելույթներով գերել են հանդիսատեսին, փառատոնի հանձնախմբին ու արժանացել գլխավոր «Գրան պրի» մրցանակին

Մայիս 13,2025 17:45

Ճանաչված երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի համար մեծ ձեռքբերում է՝ լինել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի գեղարվեստական ղեկավարը, ունենալ շնորհալի սաներ, ովքեր բազում անգամ են մասնակցում տարբեր երաժշտական միջոցառումների ու դառնում հանդիսատեսի սիրելին, արժանանում գովեստների ու խրախուսանքների, ծափողջյունների:

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում երգչախմբերը, բացի երևանյան բեմերից, շատ ելույթներ են ունեցել ՀՀ մարզերում, Արցախում, հատկապես՝ զորամասերում, ինչպես նաև՝ արտերկրում: 2025թ. Վ. Խաչատրյանի սաները մի քանի անգամ հանդես են եկել երևանյան բեմերում:

 

Զրույցի ընթացքում Վ. Խաչատրյանը սիրով տեղեկացրեց. «Ապրիլի 27-ին Հայաստանի Երաժշտական ընկերության դահլիճում իր ղեկավարությամբ գործող միացյալ երգչախումբը մասնակցել է «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնի և արժանացել գլխավոր մրցանակին ու ամենակարևորը՝ հանդիսատեսի համակրանքին, սիրուն, հարգանքին, ծափերին»:

Տեղեկացրեց նաև այս տարվա մայիսի 2-ից 7-ը եղել են Կիպրոսի Հանրապետությունում, որի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվում էր «Ոսկե Աֆրոդիտե» միջազգային մրցույթ-փառատոնը: «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը, որ միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների հաղթող են, փառատոնին ելույթ են ունեցել մայիսի 5-ին: Ներկա է եղել նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը: Ու դարձյալ մեր երեխաներն իրենց գեղեցիկ ելույթներով գերել են հանդիսատեսին, փառատոնի հանձնախմբին ու արժանացել գլխավոր «Գրան պրի» մրցանակին:

Վ. Խաչատրյանը նշեց նաև. «Շատ գեղեցիկ օրեր ունեցանք, հետաքրքիր էքսկուրսիաներ Նիկոսիայի և Այա Նապայի գեղեցիկ, պատմական վայրերում: Այցելեցինք Նիկոսիայի «Նարեկ» հայկական վարժարան, երգեցինք հոգևոր երգեր, ծանոթացանք վարժարանի առօրյային: Իսկ ծովն ու բնությունը մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք»:

Տուն են վերադարձել արդեն ու պատրաստվում են հերթական անգամ հուզելու հանդիսատեսին: 2026թ. մայիսին կլրանա 10 տարին, որ Վ. Խաչատրյանը ղեկավարում է «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը: Տեղեկացրեց՝ նախապատրաստվում են, Աստծո հաջողությամբ, նշելու 10-ամյա հոբելյանը:

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031