Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե հլը մի հատ ծափ տուր, արա․․․»․ Արթուր Խաչատրյանը եւ Արթուր Հովհաննիսյանը վիճեցին

Մայիս 14,2025 12:08

«Պրոցեսը» ոչ մի բան չի նշանակում, «պրոդուկտն» է արդյունքը, որը եթե ունենայիք՝ կբերեիք կմտցնեիք․․․ ի ցույց կդնեիք հասարակությանը»,- խորհրդարանում իշխող ուժի ներկայացուցիչներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ տարակուսելով, որ անգամ իրենց իշխանության տարիների կոռուպցիոն երեւույթները վերագրում են ընդդիմադիրներին։

Նա նկատեց, որ անգամ ՔՊ-ական պատգամավորի հարցին՝ ներկայացնել բարձրագոչ, ցցուն վերդիկտ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասում է՝ դատախազը վարույթ է հարուցել։

«Գիտե՞ք ոնց եք պայքարում կոռուպցիայի դեմ․ ճիշտ նույն ձեւի, ոնց որ Ալիեւը՝ իրենց ասելով՝ բռնի տեղահանվածների խնդիրների համար։ Հիշո՞ւմ եք Ալիեւները հառաչում-բառաչում էին՝ մեկ միլիոն մարդ, տեղահանված, վրաններում, նավթի հոտ են շնչում․․․»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ նպատակը ոչ թե պայքարելն էր, այլ «մատի փաթաթան» ունենալը ու պարզ էր, որ դա «բլեֆ» է։

Արթուր Խաչատրյանը ՔՊ-ականներին համարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներ ու հայտարարեց, որ 15 տարի էլ իրենք են իշխանության եղել ու մատնանշեց Անդրանիկ Քոչարյանին, Գագիկ Մելքոնյանին։

Անդրանիկ Քոչարյանը դահլիճից արձագանքեց՝ հիշատակելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ռոբերտ Քոչարյանը, սպասի, 98 թվի մասին է խոսքը, ես ավելի հետ եմ գնում»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ արձանագրելով, որ ամենամեծ շրջանը իշխանության հենց իրենք են ունեցել եւ այսպիսի վիճակի են հասցրել երկիրը․ «Կոռուպցիա, հիմա էլ չեք ուզում պայքարել․․․Վիշինսկին ասում էր՝ քննչական գործողությունների արդյունքում պետք է զգույշ լինես, որ քո վրա դուրս չգաս»։

Կրքերը բորբոքվեցին, երբ Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ստիպված էր Պրահայում ճանաչել Հայաստանի 29․800 քառակուսի մետրը, քանի որ մինչեւ այդ ոչ ոք չէր ճանաչել, իսկ մինչ այդ էլ հայտարարել էր, թե Ալմա-Աթայի պայմանագրով ճանաչվել էին պետությունների տարածքային ամբողջականությունները։

«Եթե խալխինը ճանաչում ես, ուզած՝ չուզած՝ քոնն էլ է ճանաչվում։ Բա ասում էիր՝ 2010 թվականի վարչատարածքային օրենքով ճանաչվել է Հայաստանի սահմանները»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանն՝ ասելով, որ երբ ինչ պետք է, այն էլ ասում են։

ՔՊ-ականներին «քաղաքական քամելիոն» անվանելով՝ Արթուր Խաչատրյանը հարցրեց․ «Հետաքրքիր է, էն մարդը, որը «Ժիգուլի» էր բռթում, հիմա «Մերսեդես» քշո՞ւմ է։ Դուք մի հատ նախարար ունեիք, մինչեւ նախարար դառնալը՝ փող չուներ հեռուստացույցն ապառիկով էր առնում, հետո, կարծեմ 250 հազար դոլար տվեց՝ տուն առավ․ մի մասն էլ հիպոթեքով, այնպես որ, այդ մասով բարգավաճում կա»։

Դահլիճից արձագանքեցին, կրքերը բորբոքվեցին։

«Ես կարող եմ ծափ տամ, պարեք, օրինակ, շատ կհարստանա։ Դե հլը մի հատ ծափ տուր, արա․․․»,- դահլիճից Արթուր Հովհաննիսյանի արձագանքին հակադարձեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031