«Հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա․ նայե՞լ եք էդ տեսանյութը, հիմա ո՞վ է համբալը։ Ալեն Սիմոնյանն էլ իմ գործընկերոջն ասում է՝ դուրս կշպրտեմ․․․ Ալեն Սիմոնյանը թող իմանա, որ իրեն դուրս շպրտեմ էդտեղից, ինքը բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»,- այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի ելույթի այս եզրափակիչ մասը խորհրդարանում հերթական ծեծկռտուքի պատճառ դարձավ։
Լեւոն Քոչարյանն անդրադարձավ հարցուպատասխանի նիստում Նիկոլ Փաշինյանի արած որոշ դիտարկումների․ «Ասում է՝ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում հարցնում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ: Բա գիտե՞ք մեզ հետ հանդիպումների ընթացքում մարդիկ ի՞նչ են ասում: Հարցնում են՝ ինչո՞ւ են դեռ այդ անհայրենիք դավաճաններն իշխանության»։
Անդրադառնալով նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանն էլ, Լեւոն Քոչարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Դրանով ուզում է ցույց տալ, որ այ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Այսինքն` դուք լուրջ մտածում եք, որ օրինակ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախը ո՞վ է հանձնել։ Լավ, սա դուք լուրջ եք համարում։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը տալու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք ինչ-որ մեկն ասում է՝ «լուսնի վրա կյանք կա, ա՛յ գիտնականներ, աստղաֆիզիկներ, եկե՛ք բանավիճենք դրա շուրջ, նրանք կասեն՝ հո դու հիմա՞ր չես։ Ու ինքն ասի՝ այ տեսաք, նրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի»։
Ելույթի մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արտահերթ ելույթում Լեւոն Քոչարյանին պատասխանեց Հակոբ Արշակյանը։
«Պարոն Լեւոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան էլ ես դու, չափերդ էլ դու ճանաչի, արա։ Լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լեւոն»,- այսպես սկսեց նա իր ելույթը։
Նա նաեւ ժողովրդի անունից հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին թալանչի են ասում, հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ին սպանդը կազմակերպելու մեջ են մեղադրում, ասում են՝ «հայրը թուրք է․ անունն էլ են ասում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հակոբ Արշակյանի ելույթի ընթացքում դահլիճում կրքերը բորբոքվեցին, քաշքշոց սկսվեց իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, որը ձկնորս է եղել՝ «ձուկ գողցող» անվանեցին։ Հակոբ Արշակյանը Լեւոն Քոչարյանին դուրս հրավիրեց դահլիճից։
Մանրամասները՝ տեսանյութերում
Քաշքշուքից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։
«Տղա ջան, ասացի, բոլոր էդ հարցերիդ պատասխանները կգնաս հորդ կհարցնես»,- Լեւոն Քոչարյանին ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը «դաշնակներին դուրս է շպրտել իր իշխանությունից» եւ դա է ՔՊ-ականնների վերաբերմունքը ՀՅԴ-ին։
Նրա ելույթի ժամանակ Լեւոն Քոչարյանը հեռացել էր դահլիճից։ «Ո՞ւր թռավ Լեւոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը»,-հեգնեց Արթուր Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ