Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգման փաստով իրականացվող քննությունն արդեն խախտում է ողջամիտ ժամկետները

Մայիս 14,2025 18:35

2025թ․-ի հունվարին իրավունքների պաշտպանության համար ՀՔԱՎ գրասենյակ էր դիմել Լոռու մարզի բնակիչ Վ․Մ․-ն, ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները բաժնում ենթարկել էին ֆիզիկական բռնության՝ ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները, չհասնելով իրենց նպատակին, առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը Վ․Մ․-ին ազատ էին արձակել։

ՀՔԱՎ-ի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ 2025թ․ հունվարի 15-ին Ա․Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք էր ներկայացրել՝ ոչիրավաչափ ճանաչելու Վ․Մ․-ի ձերբակալության մասին որոշումը, որը հունվարի 24-ին բավարարվել էր։

Հունվարի 10-ին ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելուց ի վեր՝ արդեն տուժողի կարգավիճակում Վ․Մ․-ն ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել, և վարույթն իրականացնող քննիչը վերջինիս ծանոթացրել է դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ։ Համաձայն չլինելով եզրակացությանը՝ Վ․Մ․-ի ներկայացուցիչ, Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանի կողմից ներկայացվել է  կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, սակայն մինչ օրս ո՛չ տուժողը, ո՛չ էլ ներկայացուցիչը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում չեն ստացել։

Դեպքից 5 ամիս անց դեռևս չեն իրականացվել անհետաձգելի և կարևոր քննչական ու դատավարական գործողություններ, մասնավորապես առերես հարցաքննություններ և անհրաժեշտ փորձաքննություններ։

Այսպիսով արձանագրում ենք, որ այս գործի շրջանակներում արդեն խախտված են գործի քննության ողջամիտ ժամկետները և անտեսվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031