Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղացիները չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա գնել»․ Լիզինգի ծրագիրն ընդլայնվում է

Մայիս 15,2025 11:56

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրն ընդլայնվում է։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց․ «Նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել կառավարության որոշման մեջ, ըստ որի՝ մենք կրկնապատկում ենք հնարավորությունը մեր տնտեսվարողների ու ֆերմերների համար, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Ներկայումս մեկ ֆերմերը կարող է մինչեւ 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել։ Եվ մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, հատկապես ֆերմերային տնտեսություններ, որոնք վաղուց հատել են այդ շեմը եւ չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը։ Այս առումով մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչեւ 250 մլն դրամ, որը կօգնի, որ տնտեսվարողներն ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մատչելի գնով ձեռք բերել։

Մեր քաղաքական մոտեցումն այն է, որ մենք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվող, արդյունավետ տնտեսավարում իրականացնող գյուղացիական տնտեսություններին պետք է շարունակաբար աջակցենք, որովհետեւ իրականությունն այն է, որ նրանց գյուղատնտեսական արտադրանքն է իրապես մրցունակ ու արտահանելի։ Մնացած դեպքերում մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ։ Մյուս կողմից, սա շատ լավ հնարավորություն է մեր գյուղացիներին, տնտեսվարողներին ցույց տալու, որ սա կարող է նաեւ լավ բիզնես հնարավորություն լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Պապոյանն ասաց, որ այսօր Հայաստանում կա 2854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա։ «Այս պահին 23 մլրդ դրամի գյուղտեխնիկա է ձեռք բերվել այս ծրագրի շրջանակներում, լիզինգի գումարը կազմել է 12 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- հավելեց Պապոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031