59 «կողմ» ձայներով խորհրդարանն այսօր արտահերթ նիստում ընդունեց իշխող ուժը ներկայացնող պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի առաջարկած նախագիծը՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին։
Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի հանրապետության կառավարության համար՝ իր սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար: Այսպիսով, կառավարությունը կարող է որոշել պետական սեփականություն հանդիսացող արտադրանքը ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին տրամադրել՝ նոր արտադրատեսակների ստեղծման, նորոգման, փորձարկումների նպատակով։
Արդյունքում ակնկալվում է, որ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար, ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման հնարավորությունն առավել լայն ծավալով կազատականացնի տեղական ռազմարդյունաբերության ներուժը եւ միաժամանակ կկանոնակարգի այն:
Նախագիծը ներկայացվել է հրատապ՝ 24 ժամյա ռեժիմով քննարկման, ինչպես ներկայացրեց նախագիծը Տրդատ Սարգսյանը՝ կան ռազմարդյունաբերական համալիր արտադրողներ, որոնք կարիք ունեն որոշակի զենք-զինամթերքների ստացման։
Կարդացեք նաև
Տրդատ Սարգսյանը նաեւ ասաց՝ այսպիսով ռազմարդյունաբերության ոլորտում ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում է իրականացվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նախորդիվ, ի դեպ նման պրակտիկա չի եղել։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ելույթում մանրամասնեց նախագծի հրատապության անհրաժեշտությունը․ մայիս ամսին մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների որոշակի զինատեսակներ պետք է փոխանցվեն՝ նոր զինատեսակների ստեղծման, փորձարկման նպատակներով․ կառավարությունում՝ իրավական մեխանիզմների առումով քննարկումները ձգձգվել են, ուստի ընդունել են խորհրդարանում հարցի հրատապ լուծման տարբերակը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջին տարիներին սփյուռքից ակտիվ ներհոսք է նկատվում ոլորտի թե գիտահետազոտական մշակումների, թե արտադրական մասում։ Մեր հայրենակիցներից ռազմարդյունաբերական ոլորտում նաեւ ներդրողներ կան։ Մխիթար Հայրապետյանը պատրաստ է փակ ձեւաչափով պատգամավորներին ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնել թե նախագծի, թե առհասարակ ոլորտի զարգացման մասով։
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց՝ վերջին տարիներին ոլորտում միլիարդավոր ներդրումներ կան, ոլորտի զարգացումն էլ ակնհայտ է։ Բայց ինքը մեկ մտահոգություն ունի՝ ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների մասով․ կարծում է, որ ներմուծում-ներքին արտադրություն համամասնության մեջ այնպիսի մեխանիզմներ պետք է դրվեն, որ ոլորտի զարգացումը անկախ քաղաքական փոփոխություններից՝ երկարաժամկետ ապահովվի։ Այսինքն, ռազմարդյունաբերողները վստահ լինեն, որ անկախ ամեն ինչից՝ իրենք երկար ժամանակահատվածում պատվերներ կունենան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ