ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված՝ «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ» նվիրված հայտարարության նախագիծը։ Փաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի և նեոնացիզմի դատապարտում, ինչպես նաև Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշ։
Իշխանությունների կողմից այս հայտարարությանը չաջակցելը քաղաքական տարաձայնությունների շրջանակից դուրս հարց է։ Դա համակարգային փորձ է՝ հեռանալու հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ հանուն արտաքին և ներքին քաղաքական կոնյունկտուրայի։ ՀՀ կառավարիչները ցուցադրականորեն խուսափում են ճանաչելու ավելի քան 600.000 հայերի մասնակցությունը ֆաշիզմի դեմ պատերազմում և 300.000 նահատակված զինվորների հիշատակը։
Ավելին, ներկայում իշխող խմբակի լռակյաց թողտվությամբ հանրային դաշտում ավելի հաճախ շրջանառվում են հակահայ և բացահայտ ռևիզիոնիստական թեզեր։ Մասնավորապես՝ հնչում են հայտարարություններ, թե իբր ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը ռազմավարական նշանակություն չուներ հայերի համար, և եթե հաղթեր նացիստական Գերմանիան, Թուրքիան կփլուզվեր, և կվերականգնվեր Մեծ Հայաստանը։ Այսօրինակ դատողությունները ոչ միայն պատմական անիմաստություն են, այլև վտանգավոր մանիպուլյացիաներ, որոնք սերմանում են գաղափարական այլընտրանք՝ փաստացի լեգիտիմացնելով ֆաշիստական գաղափարախոսությունը։ Այդպիսի անգրագետ և բարոյազուրկ խոսույթը սպառնալիք է ոչ միայն ազգային հիշողությանը, այլև Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը։
Կարդացեք նաև
Այս իշխանության դժկամությունը՝ հիշատակելու Շուշիի ազատագրումը և միտումնավոր հեռացումը մայիսի 9-ի եռատոնի գաղափարից՝ հաղթանակի, բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման օրերի միասնությունից, իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն է՝ հրաժարվել պատմական իրավունքի և ինքնիշխանության դիրքորոշումներից՝ հօգուտ արտաքին թելադրանքի։
Երբ ֆաշիզմը և նեոնացիզմը նորից գլուխ են բարձրացնում աշխարհի տարբեր տարածաշրջաններում, Հայաստանի խորհրդարանի՝ հստակ և սկզբունքային դիրքորոշում արտահայտելուց հրաժարվելը ոչ միայն լուրջ վտանգ է, այլև ռազմավարական սխալ, որի գինը կարող է շատ բարձր լինել։ Հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական հայացքներից, պարտավոր է պաշտպանել իր պատմական ճշմարտությունը, ազգային հիշողությունը և բարձրաձայնել՝ «Ո՛չ» ֆաշիզմին, ռևիզիոնիզմին և քաղաքական դավաճանությանը։