Բանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների վերաբերյալ Կենտրոնական բանկի հաղորդագրությունը
Վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները քաղաքացիների կողմից առաջնային ահազանգերը ստանալուց հետո սույն թվականի մարտի 5-ին հանդիպել են տուժած քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների հետ: Նշված դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է շուրջ 50 քաղաքացու վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում երեք առևտրային բանկերին՝ «Այ ԴԻ Բանկ», «Ինեկոբանկ» և «Արդշինբանկ»։ Կենտրոնական բանկի պատասխանատուները քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և հետագա հաղորդակցումներում մշտապես հավաստիացրել են, որ ներկայացված յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվելու է Կենտրոնական բանկի կողմից, և բոլոր այն դեպքերում,
երբ կլինեն օրենսդրության՝ բանկերի կողմից թույլ տրված խախտումներ, Կենտրոնական բանկը կնախաձեռնի համարժեք վերահսկողական գործողություններ՝ ներառյալ խախտումների վերացման հանձնարարականներ,
երբ օրենսդրության որևէ խախտում չի արձանագրվի, և կպարզվի, որ հնարավոր զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման (հաճախորդների վստահությունը չարաշահելու կամ այլ տարբերակներով), համապատասխան բանկերի հետ կդիտարկվեն որոշակի լուծումներ կիրառելու հնարավորությունները:
Համապատասխանաբար՝ Կենտրոնական բանկը նշված երեք բանկերում նախաձեռնել է վերջիններիս կողմից հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստուգումներ, որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են առնչվել հնարավոր զեղծարարություններին։
Կարդացեք նաև
Ստացված բողոքների գերակշիռ մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման, այնուամենայնիվ, զեղծարարությունների ներկայում տարածված սխեմաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին առաջարկել է հեռահար տարբերակով հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված է։
Միևնույն ժամանակ՝ հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում նշված բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով («Այ ԴԻ Բանկ»՝ 5 տարով, «Ինեկոբանկ»՝ 3 տարով և «Արդշինբանկ»՝ 3 տարով) հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը. բանկերը սկսել են այս մասին իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթացը, ինչպես նաև տարածել են համապատասխան հաղորդագրություններ: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ։
Կենտրոնական բանկը մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև իրավապահ մարմինների (Դատախազություն, Քննչական կոմիտե) ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են զեղծարարությունները նվազեցնելու հետ կապված հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ:
Կենտրոնական բանկը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության և զեղծարարությունների դեմ պայքարին առնչվող հարցերը։ Թեպետ հայաստանյան ֆինանսական համակարգում զեղծարարությունների քանակի տեսակարար կշիռն այս պահին ցածր է, սակայն յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը և կրած վնասն էական են Կենտրոնական բանկի համար: Կենտրոնական բանկը քաջ գիտակցում է, որ նշված ռիսկերի պատշաճ հասցեագրման հետ կապված համապատասխան կարգավորումների և լուծումների կատարելագործումը մշտական գործընթաց է և պետք է իրականացվի՝ պահպանելով նորարարությունների, հաճախորդների հարմարավետության և ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետ և ընդունելի հարաբերակցությունը: Պետք է փաստենք, որ մեր կողմից ստուգումների ընթացքում ուսումնասիրված զեղծարարության դեպքերի մեծ մասը հետևանք է զեղծարարների կողմից հաճախորդներից խաբեությամբ անձնական տվյալների, գաղտնաբառերի կորզման և անվտանգության այլ միջոցների հետ կապված հասանելիության ստացման: Կենտրոնական բանկն այս թեմայով պարբերաբար հանդես է գալիս հանրային իրազեկման միջոցառումներով՝ հորդորելով քաղաքացիներին իրենց անձնական և բանկային տվյալներն այլ անձանց չտրամադրել և կասկածելի դեպքերում լրացուցիչ կապ հաստատել համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ: Ֆինանսական կազմակերպություններն իրենց հերթին պարբերաբար իրազեկում են իրենց հաճախորդներին զեղծարարության հնարավոր սխեմաների և տվյալներն այլ անձանց չտրամադրելու վերաբերյալ: Զեղծարարություններն ամբողջ աշխարհում ունեն աճի միտում, և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է սպառողների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, ֆինանսական կազմակերպությունների ներքին հսկողության համակարգերի բարելավման, համապատասխան չափորոշիչների և ենթակառուցվածքների ներդրման հետ կապված միաժամանակյա և անընդհատ գործողությունների իրականացում: Որպես երկարաժամկետ լուծում՝ Կենտրոնական բանկը ներկայում դիտարկում է նաև համապատասխան կարգավորումներում որոշակի փոփոխությունների իրականացումը:
Հնարավոր զեղծարարություններից տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել իրենց սպասարկող բանկերին՝ լուծման առկա տարբերակները դիտարկելու նպատակով, իսկ գործընթացում առկա խնդիրների հետ կապված՝ կապ հաստատել Կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ 010 592 592, էլ. փոստ՝ [email protected]):
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն