Երեւանի քրեական դատարանում քննվում է լրագրող Անուշ Միրզոյանի խափանման միջոցի ընտրության հարցը:
Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ ինքը չի ընդունում մեղադրանքը ու հույս ունի՝ դատարանն արդար որոշում կընդունի։
«Փաստորեն ստացվում է, որ իմ մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար կարող եմ լինել մեղադրյալ։ Նախաքննության փուլն է, շատ բան չեմ կարող ասել»:
Այն հարցին, որ քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ որ Անուշ Միրզոյանը մեղադրվում է 4 տարի առաջ զանգվածային անկարգություն կազմակերպելու եւ օժանդակելու մեջ՝ նա պատասխանեց․ «Ես նման եմ անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի՞։ Ես ամեն ինչը ես որակում եմ զավեշտ։ Լրագրողները հաճախ են թիրախում հայտնվում, հույս ունեմ՝ ինձնով կսահմանափակվեն եւ լրագրողներն ազատ խոսքի իրավունք կունենան»։
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ «2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի եւ 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը): Միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»։
Ի դեպ, հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ քննվում էր երկու տասնյակից ավելի անձանց գործը։ Նրանք մեղադրվում էին 2021 թվականի ապրիլի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ կատարած այցի ընթացքում խուլիգանություն՝ կատարելու, դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Դատարանի 2023թ․ ապրիլի 27-ին դատարանի որոշմամբ, 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, բոլոր մեղադրյալների քրեական հետապնդումը դադարեցվեց ` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հ․Գ․ Դատարանը քիչ առաջ մերժեց մեղադրյալ Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ