Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Հաղթանակի ժապավենը դառնում է խարան. ինչպես է մայիսի 9-ը Ադրբեջանում վերածվել հակառուսական հիստերիայի

Մայիս 16,2025 09:00

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ռուսալեզու հոդվածը ներկայացնում է, թե Գեորգիևյան ժապավեն կրելը և ԽՍՀՄ-ի դրոշի ֆոնին ելույթ ունենալը ինչպես է տեղեկատվական արշավի պատճառ դարձել Ադրբեջանում։

Հոդվածը՝ թարգմանաբար.

«Ադրբեջանում մայիսի 9-ի տոնակատարությունը, որը մինչև վերջերս ընկալվում էր որպես ընդհանուր հաղթանակի հիշատակ, այժմ հակառուսական հիստերիայի հարթակի է վերածվում։ Այս ուղղությամբ հատկապես ակտիվ է գործում Minval.az-ը, որտեղ մայիսի 13-ին և 14-ին հրապարակված նյութերը տեղեկատվական հետապնդման յուրօրինակ գագաթնակետ դարձան՝ ուղղված ոչ միայն կոնկրետ անձի, այլև հենց խորհրդային ժառանգության դեմ։

Այս արշավի գլխավոր հերոսը, կամ ավելի ճիշտ՝ զոհը, դարձել է Իմիշլիի շրջանի Տարեցների խորհրդի նախագահ Սալեհ Սամեդովը։ Նրան ազատել են Տարեցների շրջանային խորհրդի նախագահի պաշտոնից և հեռացրել խորհրդից՝ թվում է՝ միանգամայն անմեղ արարքի համար. մասնակցել է մայիսի 9-ի հանդիսավոր միջոցառմանը Գեորգիևյան ժապավենը կրծքին և ելույթ ունեցել ԽՍՀՄ դրոշի ֆոնին։

Այսքանով պատմությունը կարող էր ավարտվել։ Բայց փոխարենը այն վերածվել է հրապարակային դատաստանի՝ գաղափարական մաքրագործման տարրերով։ Խորհրդային խորհրդանիշների հայտնվելն ինքնին իսկական հիստերիա է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ Սալեհ Սամեդովը գրեթե ներկայացվել է որպես «Մոսկովիայի գործակալ» (Minval.az-ի մեջբերումը)։

Ժապավենից մինչև միլիոններ

Արդեն հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, Minval.az-ում հրապարակվել է 2-րդ հոդվածը «ԽՍՀՄ դրոշը, Ստալինի կիսանդրին և միլիոնները. ո՞վ է «սովոկ»-ի երկրպագու իմիշլեցի Սալեհ Սամեդովը» վերնագրով։ («Սովոկ»ը փոխաբերական, բացասական իմաստով օգտագործվում է նշելու ԽՍՀՄ ժամանակաշրջանը ​​հիշեցնող մարդկանց, իրեր կամ իրավիճակներ– «Առավոտ»)։
Եվ ահա պատմությունը բոլորովին այլ երանգ է ստացել։ Հիշել են ամեն ինչ՝ սկսած Սամեդովի բիզնես ակտիվներից, վերջացրած նրա եղբայրներով, որոնցից մեկը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար, մյուսն աշխատանքից հեռացվել է խախտումների համար։

Տարեցների խորհրդի մի սովորական նախագահից Սամեդովը վերածվել է «ստվերային օլիգարխի», որը կարելի է կարծել Կրեմլի փողերով ադրբեջանական գյուղերում Ստալինի կիսանդրիներ է տեղադրում և ԽՍՀՄ դրոշներ բարձրացնում։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Սամեդովը բիզնես ունի ամբողջ երկրով մեկ՝ ալկոհոլային խմիչքի գործարաններ, թեյարաններ, մանկապարտեզներ, երշիկի արտադրամասեր և ջերմոցային տնտեսություններ։

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը Հաղթանակի օրվա հետ։ Պատասխանը պարզ է՝ ոչ մի։
Բայց մեդիա արշավի տեսանկյունից սա հզոր միջոց է՝ անցանկալի անձին «ռուսական կայսերապաշտական հետքի» խորհրդանիշ դարձնելու։

«Կայսերական հետքը Իմիշլիում ջնջված է». հակառուսական հիստերիան՝ ողջ ծավալով

Նույն օրը՝ մայիսի 14-ին, հրապարակվեց նաև 3-րդ հոդվածը՝ «Կայսերական հետքը Իմիշլիում ջնջված է. հետևություններ արեք ժամանակին» վերնագրով, որն այլևս որևէ կասկած չէր թողնում՝ խոսքը Սամեդովի մասին չէ։

Խոսքը Մոսկվայի մասին է։ Հոդվածում բաց տեքստով խոսվում է «Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման» մասին, հիշատակվում են Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ՝ ինքնաթիռի կործանման հետ կապված, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու որոշումը գրեթե որպես հերոսություն է ներկայացվում։

Այս ֆոնին Սամեդովի արարքը պատկերվում է որպես դավաճանություն, «կայսերական մտածելակերպի» դրսեւորում։

Ի՞նչ է սպասվում հետո

Սալեհ Սամեդովի հետ կապված իրավիճակը հստակ ցույց է տալիս, թե որքան արագ կարելի է ժամանակակից Ադրբեջանում գաղափարախոսական արշավի մամլիչի տակ հայտնվել. մի դրոշ, մի ժապավեն՝ և դու արդեն խորհրդանիշ ես «կայսերական անցյալի», որը պետք է արագ մոռացվի:

Բայց այս արագության մեջ մի կարևոր հարց է ծագում՝ հնարավո՞ր է արդյոք Հայրենական մեծ պատերազմում միլիոնավոր զոհերի և հաղթանակով վերադարձած մարդկանց հիշատակը այսպես հեշտորեն զոհել քաղաքական կոնյունկտուրային։

Ադրբեջանական իշխանությունները ամեն կերպ ցուցադրում են իրենց «դիստանցիան» խորհրդային ժառանգությունից, ռուսներից և Ռուսաստանից՝ դրանով իսկ առավել ընդգծելով, որ ցանկացած եղբայրություն Ռուսաստանի հետ այժմ հարցականի տակ է, եթե ոչ՝ արգելված»։

«Առավոտ». Սալեհ Սամեդովին Իմիշլիի շրջանի Տարեցների խորհրդի նախագահի պաշտոնում ժամանակավորապես փոխարինած Վահիդ Թագիևը նույնպես սկանդալի կիզակետում է հայտնվել: Նա ևս մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել է «ռուսական իմպերիալիզմի հետ ասոցացվող խորհրդանիշը»՝ Գեորգիևյան ժապավենը կրծքին, հայտնում է Minval.az-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031