Իրանում լույս են տեսել հանրային գործիչ և մարզական ծառայության հարուստ անցյալ ունեցող Վարդան Բաբախանյանի հուշերը՝ պարսկերենով։ Գրքում ներկայացված են դրվագներ թեհրանաբնակ հայերի և հատկապես Նարմաք-Զարքեշ-Վահիդիե թաղերի կազմավորման պատմությունից, դպրոցների կառուցման, Սբ Թարգմանչաց եկեղեցու հիմնադրման, մարզա-մշակութային միությունների կազմավորման և հատկապես ֆուտբոլի խմբերի ստեղծման մասին։
Հեղինակն ավելի քան վաթսուն տարի է, որ բնակվում է Թեհրանի հայաբնակ «Զարքեշ» թաղամասում. եղել է ֆուտբոլիստ, ապա մարզիչ, խաղավար, մրցույթների կազմակերպիչ։ Իր մարզական գործունեությունը սկսել է «Շահազիզ» ակումբում, ապա «Սիփան» միությունում։ Հետագայում եղել է «Ալեքս» ֆուտբոլային ակումբի և «Սանահին» ու «Րաֆֆի» միությունների հիմնադիր անդամ։ Վարդան Բաբախանյանը գործունյա է եղել նաև համայնքային կյանքում, կազմակերպել է ներհայկական մարզական մրցաշարեր, եղել է Հայաստանից ժամանած արվեստի գործիչների ընդունելության հանձնախմբի անդամ, Իրանի մարմնակրթական հաստատությունում ներկայացրել է հայկական միությունների շահերը, երկու ժամկետով անդամակցել է եկեղեցական թեմի թեմական խորհրդին։ Այժմ «Րաֆֆի» համալիրի վերստուգիչ հանձնաժողովի անդամ է։
Կարդացեք նաև
Գրքի հեղինակը սահուն պարսկերենով ներկայացրել է իր հուշերը սկսած 1960-ականներից մինչև մեր օրերը։ Գիրքը բաղկացած է 222 էջից, գունազարդ է և հարուստ է լուսանկարներով. ներկայացված են հայկական թաղերի առօրյա կյանքը, ֆուտբոլի խմբերը, «Դրո» մարզադաշտի պատմությունը, «Րաֆֆի» համալիրի հիմնումը, «Արարատ» մարզավանի կյանքը, հայ համայնքի պատասխանատուների, եկեղեցականների, պետական այրերի, հայաստանցի և սփյուռքահայ հյուրերի այցելությունները՝ քաղաքամասի միություններ։ Առանձին դրվագներով ներկայացված են համաիրանյան ճանաչում ձեռք բերած իրանահայ ֆուտբոլիստներն ու արվեստի գործիչները. մեծարվել են հանգուցյալ վետերանները։ Մեծ տեղ է հատկացված իրանահայ մարզական կյանքին վերաբերող իրանական մամուլի արձագանքին։ Տեղադրված են նաև մի շարք հարցազրույցներ։
***Վարդան Բաբախանյանի գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ՝ ուրբաթ, 16 մայիսին Թեհրանի «Րաֆֆի» համալիրի դահլիճում։ Գրքի հրատարակումը ողջունել են Իրանի իսլամական խորհրդարանի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը, մտավորականներ Նորայր Մեհրաբյանը, Աշոտ Սինանին, Հովիկ Մինասյանը և Անդրանիկ Սիմոնյանը, վետերան մարզիկ Վարդան Բաղումյանը։ Գրքի լույս ընծայումը հեռակա կապով շնորհավորել են բժիշկ Վիգեն Զարգարյանը և Տիգրան Դավուդյանը։ Երեկոն վարել է Արթին Բաղումյանը, իսկ գեղարվեստական հայտագիրը ներկայացրել է համալիրի մշակույթի բաժինը։ Վերջում «Րաֆֆի» համալիրի նախագահ Վիգեն Մանդանին գնահատագիր է հանձնել Վարդան Բաբախանյանին, ապա իր շնորհակալական խոսքն է ասել գրքի հեղինակը։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ