Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը․ ՀԺՄ

Մայիս 18,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԺՄ հայտարարությունը` լրագրողին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը՝ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով:

Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով:

Մեր գործընկերոջ նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն էր նույն օրը դատարանում քննվում, որը, բարեբախտաբար, չբավարարվեց:

Անուշ Միրզոյանին առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը:

Այսինքն՝ լրագրողին մեղադրանք էր առաջադրվել լրագրող լինելու ու իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար:

Սա պարզ շարադրանքն է տեղի ունեցածի: Իսկ իրականում այդ օրը տեղի ունեցավ սարսափելի մի երևույթ, որին հարկ ենք համարում հատուկ անդրադարձ կատարել:

Որևէ իրավաբանի համար ամոթալի պիտի լիներ լրագրողին նման մեղադրանք առաջադրելը, անգամ եթե դա կատարվում է քաղաքական պատվերի շրջանակներում, որովհետև լրագրությունը մասնագիտական գործունեության այն տեսակներից է, որը պաշտպանվում է քրեական օրենսգրքով:

Որևէ երաշխիք չկա, որ սա վաղը տեղի չի ունենալու յուրաքանչյուրիս հետ. հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո:

2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի՝ փորձելով ամեն կերպ սահմանափակել այն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք իրենց դուր չեն գալիս: Ցանկացած միջոց կիրառել են լրատվամիջոցների, լրագրողների, ազատ խոսքի, այլակարծության, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ վախի տարածում, սպառնալիքներ, ծեծ, քաշքշոց, ատելության քարոզ, դատական աննախադեպ քանակի հայցեր, տույժ-տուգանքների սահմանում, սոցիալական ցանցերով կազմակերպված հարձակումներ, այդ թվում՝ լրագրողների անչափահաս երեխաների, ընտանիքի անդամների նկատմամբ, սոցիալական ցանցերով և իրենց կից կայքերով՝ թիրախավորում և հեղինակազրկում, ատելության սերմանում…: Չի սահմանափակվում այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում են նրանց քարոզչությունը:

Տեղի ունեցածը ոչ միայն վկայությունն է իշխանությունների՝ ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ վերաբերմունքի, այլև սանձարձակ պահվածքի, ամենաթողության, անպատժելիության: Եվ զավեշտալին այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը ներկայացրել էր՝ որպես իր դիրքերը բարելաված երկիր:

Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրել էր, թե «Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով»։ Եվ սա այն դեպքում, երբ սույն կազմակերպությունը գեոպոլիտիկ նպատակահարմարությունից, կոնյուկտուրայից ելնելով՝ քանիցս անտեսում է ՀՀ գործող իշխանությունների, առանձին գործիչների սանձարձակ պահվածքն ու գործողությունները:

Եվ հատկապես առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ զեկույցի հեղինակները որպես անկախ լրատվամիջոցներ են ներկայացնում բացառապես այն կայքերը, որոնք օգտվում են արևմտյան ծրագրերից, դրամաշնորհներից, իսկ որոշներն էլ պարզապես զերծ են մնում սուր քննադատություններից:

Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որը ՀՀ գործող իշխանություններին թույլ է տալիս ոչ միայն շարունակել իրենց վարքը, ամենաթողությունը, այլև հղում կատարելով այդ նույն զեկույցին և «կեղծ ժողովրդավարությանը»՝ էլ ավելի սանձարձակ դառնալ՝ նորանոր քայլեր գործադրելով լրատվամիջոցների, խոսքի ազատության դեմ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրող Անուշ Միրզոյանի շուրջ տեղի ունեցածը, այն գնահատում որպես առհասարակ լրագրողական գործունեությանը բիրտ միջամտություն, վախի մթնոլորտի տարածում, որը նպատակ ունի սահմանափակել ազատ խոսքն ու լրագրողներին կաշկանդել մասնագիտական գործունեություն իրականացնելիս:

Մենք դատապարտում և չենք ընդունում  «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, մանիպույլյատիվ գնահատականներով, այլև գեոպոլիտիկ նպատակահարմարությամբ, երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ:

Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը, որը շատ հաճախ անցնում է մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը:

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031