Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Քոչարյանը չի միանում Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին․ «Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, վստահ չեմ, որ դա ճիշտ է»

Մայիս 19,2025 12:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ չի միանում Նիկոլ Փաշինյանին անվստահության հասնելու գործընթացին։

«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է այդ գործընթացին, ես վստահ չեմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի՝ ակնհայտ զրոյի ձգտող իմպիչմենտը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վեց ամիս որեւէ նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենա։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս ամենի մեջ, իմ պատկերացմամբ, լավ չհասկանալով, թե ինչ են անում։ Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ հա, ինչ է եղել, չլինի, չլինի։ Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, եւ մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, իսկապես դա ինձ համար հետաքրքիր չէ։ Ես ասեմ, թե ում համար է դա հետաքրքիր, կարող է մարդ կա, ում համար 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը, կյանքի երազանք է: Մենք չենք ուզում ֆոն կամ դեկորացիա դառնալ՝ այդ մարդկանց երազանքն իրականացնելու համար»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրեն այս հարցով թիրախավորում են նրանք, ովքեր այդ թեման առաջ են տանում՝ նախաձեռնողներն ու աջակցողները։ «Տվյալ դեպքում, ես ենթադրում եմ, հարցի ենթատեքստը Հանրապետական կուսակցությունն է։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն»։

Անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենք թիկունք են կանգնել Քոչարյանին, իսկ Քոչարյանը 2018-ին իրենց չի աջակցել, Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Երբ է ՀՀԿ-ն իշխանություն դարձել, ես ո՞վ էի այն ժամանակ, ո՞վ է ում թիկունք կանգնել, ո՞վ է ում օգնել կայանալ որպես կուսակցություն։ Իրենք ինձ թիկունք չկանգնեին, իրենք չէին լինի, ուրիշները կլինեին։ Բարոյականության հարց կա՝ դա հնչեցնելու համար կամ կարող է՝ իրենք երիտասարդներ են, դա չեն հիշում»։

Նա նշել է, որ 2018-ի իրադարձությունների ժամանակ խոսել է Սերժ Սարգսյանի հետ։ «Ինքը շատ հանգիստ ասաց՝ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Ինձ դա զարմացրեց, ասացի՝ վստա՞հ ես, ասաց՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Մի քանի օր հետո ինքը հրաժարական տվեց։ Հիմա երբ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, ես ի՞նչ պետք է անեի։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Սա եմ ասում, ավել չեմ ասելու, բայց եթե խոսեցնեն, ավել բաներ եմ ասելու»։

Քոչարյանը նաեւ նշել է, որ իրենից հետո Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալը ճիշտ էր, քանի որ նա տիրապետում էր անվտանգային իրավիճակին։

Հարցին, թե հնարավո՞ր տարբերակ է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, նա պատասխանել է․ «Ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու։ Եթե հարցն այնպես է լինելու, որ սրանցից ազատվելու համար պետք է ձեւավորվի կոալիցիաներ, այո, պետք է ձեւավորվեն։ Այդ ամենը պետք է մի կողմ դնել եւ քննարկել կոալիցիա ձեւավորելու հարցը։ Բայց այս պարագայում ես չեմ տեսնում միասնական դաշտով ընտրության գնալ, չի ստացվելու։ Գոնե գաղափարական, իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել ու գնալ ընտրությունների, մենք երբեք չպետք է անձնական հարաբերությունները թերագնահատենք»։

Ըստ նրա՝ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին,որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել։ Հնարավոր է Գյումրիի մոդելն ունենալ նաեւ համապետական ընտրությունների ժամանակ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031