Ընդդիմության կորցրած երկու ստորագրությունները նորից կկորչեն, հիմա իրենք ի՞նչ են ուզում, գործընթացը վիժեցնե՞լ: Այսօր ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում այս հարցադրումն առաջադրեց ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով քաղաքացիական շրջանակից հնչող անվստահությունն իր անձի հանդեպ.
«Հովիկ Աղազարյանն ինձ ասել է, պարոն Մարուքյան, եթե ձեզ իրենք՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցություններից առաջադրեն, չենք միանա: Կկորչի այդ երկու ստորագրությունը: Ի՞նչ է նշանակում, ինքը վստահություն չի ներշնչում: Ո՞ւմ մոտ չի ներշնչում, այսինքն՝ Էդգար Ղազարյանը ուզում է ասել, որ եթե Սերժ Սարգսյանը չի առաջադրել թեկնածուին, ուրեմն իրենք դե՞մ են»:
Լրագրողի դիտարկմանը, թե Էդգար Ղազարյանը նկատի ունի, որ եթե Փաշինյանին են անվստահություն հայտնում, ապա Մարուքյանն անվստահելի է այն առումով, որ ժամանակին աշխատել է Փաշինյանի հետ, Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Էդգար Ղազարյանը Փաշինյանի մոտ դեսպան է աշխատել Լեհաստանում: Փակենք թեման, չեմ ուզում Էդգար Ղազարյանին անդրադառնալ: Հուսով եմ՝ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն իրենց խոսքը հարգում են: Երկուսն էլ դիմել են պատգամավորներին, ասել են՝ նախաձեռնեք: Պատգամավորները նախաձեռնել են: Դրանից հետո որեւէ պատրվակով խոսակցությունը չշարունակել, նշանակում է Կիրովականի լեզվով ասած՝ շարունակել տինտիրիտներ անել, հո մանկապարտեզ չի՞, չհասկացա: Լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսում: Հիմա «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները լուրջ մարդիկ են, չէ՞, հայտարարել են՝ առանց նախապայմանների տալիս ենք: Սպասում ենք Հակոբ Ասլանյանի աշխատասենյակում է, բերեք ստորագրությունները: Ի՞նչ խնդիր կա»:
Մարուքյանը բացառեց, որ կլինի վարչապետի մի թեկնածու, որն ամբողջ հայ ազգի սրտով կլինի կամ կվայելի ամբողջ ժողովրդի վստահությունը. «Դե որ էդպես է՝ թող անկեղծ ասեն, որ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չէ, չեն միանում, թող անկեղծ ասեն: Թե չէ՝ նա այստեղ է աշխատել, նա այնտեղ է աշխատել, կներեք ՝որեւէ մեկի անցած ճանապարհին ես չանդրադառնամ, ահավոր բաներ տեղի կունենան»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու է ինքն անձնապես ուզում Փաշինյանին անվստահություն հայտնել, Մարուքյանը հորդորեց լսել իր 60 րոպեանոց ելույթը, հետո շատ կարճ պարզաբանեց, որ Փաշինյանն արդեն երկար ժամանակ է՝ շեղվել է իր կառավարության ծրագրից. «Ինչը անվստահության հիմք է»:
Լրագրողի հարցին, այդ ծրագրից մի երեք կետ կնշե՞ք, որոնցից շեղվել է, Մարուքյանը մերժեց՝ ոչ:
Հիշեցնենք, որ այսօր Մարուքյանը ԱԺ-ից՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանի աշխատասենյակից, հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովում մեկնարկում է գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Նա ասաց, որ ներկայացվել է իմպիչմենթի նախագիծ, որի տակ արդեն ստորագրել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ու գնդակը հիմա ընդդիմադիր խմբակցությունների դաշտում է, որոնք ավելի վաղ հայտնել էին, որ առանց նախապայմանների կտան իրենց ստորագրությունը:
Մարուքյանն առանց փակագծերը բացելու, լրագրողներին նաեւ հայտնեց, որ արտախորհրդարանական երեք ուժի հետ է այսօր հանդիպելու, բայց արտախորհրդարանականներն իրենց աջակցությունը պիտի հայտնեն խորհրդարանական ուժերի աջակցությունից հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարում՝ «Փաստի» տեսախցիկը ֆիքսել էր Էդմոն Մարուքյանին ՀՀ վիզաների և անձնագրային վարչությունում։ Նա դիմում է լրացրել վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար։