«Մենք այսօր այստեղ ենք՝ հիշելու եւ հարգանքի տուրք մատուցելու այն զոհերին, որոնք մեր հույն եղբայրները պայքարի արդյունքում տվել են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ: Այո, հույները ենթարկվել են ցեղասպանության եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խոսում է ճշմարտության մասին, որպեսզի պատմական ճշմարտությունը ընդունվի աշխարհում: Սա քայլ է, որ մենք անում ենք որպես պատմական նույն ժամանակահատվածում նույն ճակատագրին արժանացած եղբայրական ժողովուրդ:
Մենք տեսնում ենք, որ ինչ եղել է 1915 թվականին, տեղի է ունենում նաեւ այսօր, այն քաղաքականությունը, որ ունեցել են թուրքերը, այսօր շարունակում են ադրբեջանցիները: Ու ցավոք, թուրքական իշխանությունները այսօր եւս ունեն հռետորաբանություն, որը նմանվում է 1915 թվականի հռետորաբանությանը: Այսինքն, դա անփոփոխ է մնացել եւ Արցախի մեր քույրերն ու եղբայրները 21-րդ դարում նույնպես էթնիկ զտման են ենթարկվել:
Մեր երիտասարդությունը պետք է իմանա պատմությունը եւ գիտակցի, որ միայն պայքարի ջահը վառ պահելով կարող ենք վերաիմաստավորել մեր գոյությունը, մեր հաղթանակները, որոնք կերտվել են մեր պապերի կողմից: Այսօրվա իշխանությունները փորձում են հրաժարվել Եռատոն հասկացությունից՝ ասելով, որ մենք հաղթանակներ չենք ունեցել, որ Շուշին չենք ազատագրել, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ պայքար չի եղել: Դա կեղծիք է, որը մոլորեցնում է մեր սերունդներին, որպեսզի հայկական ապագայի նկատմամբ տեսլականը զրոյացվի:
Կարդացեք նաև
Բայց հայ երիտասարդը շարունակում է իր պապերի գործը: Ուզում եմ հիշեցնել, որ եղել է Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսայի ճակատամարտը, որտեղ հայերը հաղթանակ են տոնել: Ես վստահ եմ, որ այս պայքարի ջահը մենք վառ ենք պահելու եւ միասնական նոր հաղթանակներ ենք տոնելու»,-Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում կազմակերպված արարողության ժամանակ լրատվամիջոցներին ասաց ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ