Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գույներ, նոր հույզեր եւ Ցոյի արվեստի վերաիմաստավորում. լեգենդար երաժշտի հիթերը կհնչեն «Սիմֆոնիկ «Կինո» նախագծի շրջանակում

Մայիս 19,2025 20:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեգենդար ռոք երաժիշտ, հիթ դարձած բազմաթիվ երգերի հեղինակ, «Կինո» ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի երգերը Երեւանում կհնչեն նորովի՝ «Սիմֆոնիկ «Կինո» նախագծի շրջանակում:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Երեւան կինոակումբի» հիմնադիր, պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը, համերգի ընթացքում լեգենդար «Կինո» խումբը կանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), ներկայացնելով Ցոյի հիթերը՝ «Кукушка», «Группа крови», «Пачка сигарет», «Звезда по имени Солнце», «Хочу перемен!» եւ այլն:

Համերգի գլխավոր ֆիգուրներից մեկը «Կինո» խմբի կիթառահար Յուրի Կասպարյանն է, ում այցը Հայաստան համերգայինից բացի՝ այլ նշանակություն էլ ունի երաժշտի համար:

«Սիմֆոնիկ «Կինո» նախագիծը ծնվել է 2010թ., մտահղացման հեղինակը կոմպոզիտոր Իգոր Վդովինն է : Իսկ «Սիմֆոնիկ Կինո» նախագծին յուրօրինակ զգամունքայնություն ու ազդեցիկություն է հաղորդում Վիկտոր Ցոյի որդու՝ Ալեքսանդր Ցոյի ստեղծած տեսաշարը՝ բացառիկ կադրերով:

«Ժամանակին երիտասարդությունը տարբեր հարցերի վերաբերյալ իր բողոքն արտահայտում էր երաժշտության, ռոքի միջոցով: Անցել են տարիներ, բայց «Хочу перемен!» երգը շարունակում է մնալ որպես բողոքի ստեղծագործություն: Այն, ըստ էության, ասես հիմն լինի նրանց համար, ովքեր ուզում են փոփոխություններ, հույս ունեն եւ հավատում են, որ դրանք ի վերջո կկայանան: Թվում է՝ Ցոյին պետք է լսեին 45 եւ ավելի տարիք ունեցողները, սակայն նրա երգերն անգիր գիտեն եւ լսում են նաեւ երիտասարդները: Անցյալ օրը մեր պրոմո ակցիայի ժամանակ մեզ մոտեցավ մի տղա,երեւի առաջին կամ երկրորդ դասարանցի կլիներ, ասաց՝ վայ,«Կինոն» գալիս է Հայաստա՞ն,Կասպարյանը գալի՞ս է: Հարցրինք՝ դու «Կինո»-ին գիտե՞ս: Ասաց՝ իհարկե, լսում եմ: Հասկանալի էր, որ ծնողները միացնում են այդ երաժշտությունը»,- ասում է Ցելիկովը:

Նրա ձեւակերպմամբ՝ այս համերգը հին հիթերի «քավր»-ների նորովի մատուցումը չէ, Երեւան է ժամանում «Կինոյի» ակունքներում կանգնած Կասպարյանը, որն ակնածանքով է անդրադառնում Ցոյից մնացած ժառանգությանը, ջանքեր են ներդրվում, որ այն արվեստով վերաարժեւորվի: «Այնպես որ՝ սա բացառիկ համերգ է լինելու 50 երաժիշտների, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որտեղ կենդանի հնչելու է կիթառ: Լինելու են նոր գույներ,նոր հույզեր եւ Ցոյի արվեստի վերաիմաստավորում»,-ասաց «Առավոտի» զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031