Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը. Արմեն Աշոտյան

Մայիս 19,2025 23:37

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ էջում տեղադրված գրառումը.

Երկրի արտաքին եւ ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։

Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռեւս ապարդյուն փորձում է համոզել ընդդիմադիր դաշտի գործընկերներին՝ չհամակերպվել գարշելի ստատուս-քվոյի հետ եւ չհասցնել իշխանափոխության հարցը 2026-ին։

Առկա պայմաններում քաղաքական կշիռ եւ հեղինակություն ունեցողի, առավել եւս՝ երկրի ցանկացած նախկին ղեկավարի հանրային խոսքն ինքնին կարեւոր է որպես օրակարգանպաստ իրադարձություն, եւ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը դիտարկում եմ հենց այս, այլ ոչ թե փետրվարից առ այսօր ներքաղաքական դիսկուրսում ծավալվող զարգացումներից եւ քննարկումներից դժգոհություն արտահայտելու, սեփական կշռով թիմակիցների թերություններն ու սխալները շտկելու փորձ։

Համամիտ լինելով գլոբալ եւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող երկրորդ նախագահի մի շարք գնահատականներին՝ այնուհանդերձ ներքաղաքական եւ հատկապես՝ ներընդդիմադիր կյանքին վերաբերող գնահատականներում ես ոչ միայն չստացա համոզիչ պատասխաններ, այլեւ արձանագրեցի բազում հակասություններ, վիճարկելի պնդումներ եւ միակողմանի ընկալումներ։

Հոդվածիս նպատակը ոչ թե տվյալ հարցազրույցի մանրակրկիտ կոնտենտ-անալիզն է, այլ դիրքորոշումների հստակեցում ենթադրող, հանգուցային եւ կոնցեպտուալ հարցադրումների միջոցով քաղաքական դիսկուրսի ապահովում։

Ընդդիմության երեք որոգայթները

Ընդդիմադիր հանրային խոսքում վերջին ամիսներին տեղ գտած երեք իրավիճակների բացառապես քարոզչական ընկալումն ու մատուցումը, ինչից զերծ չմնաց նաեւ երկրորդ նախագահը, իմ համեստ, բայց հիմնավոր կարծիքով, կարող են հանգեցնել սխալ հաշվարկների եւ ռազմավարական վրիպումների՝ նիկոլական ռեժիմի դեմ տարվող պայքարում։

Որո՞նք են այդ որոգայթները։
1. Նիկոլին՝ Արեւմուտքի սատարման նվազում եւ գեոպոլիտիկ տեղաշարժեր։ Որքան էլ մեծ է գայթակղությունը Դոնալդ Թրամպի ընտրությամբ եւ դրան հաջորդող զարգացումներով հիմնավորել նիկոլական ռեժիմի ճակատագրական թուլացումը, չմոռանանք, որ.

* ԱՄՆ նոր վարչակազմի գործունեությունը դեռեւս չունի լոկալ դրսեւորումներ, իսկ վարչական իներցիան շատ մեծ է, նաեւ ի դեմս իր պաշտոնավարումը շարունակող ԱՄՆ «բայդենական» դեսպանի։

* Դոնալդ Թրամպի հաղթական էներգիան ներամերիկյան տիրույթում անվերջանալի չէ, եւ շուտով նա անխուսափելիորեն կառերեսվի ներքին դիմադրության աճին՝ արտաքին քաղաքական հետեւանքներով։

* Պարզ չէ, թե Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան շփումներն ինչով կավարտվեն, ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։

* Նիկոլին ցուցաբերվող եվրոպական աջակցությունն ինքնին շոշափելի է մեր նման երկրում դա կապիտալիզացնելու եւ ընդդիմախոսների դեմ օգտագործելու համար։

2. Գործող ռեժիմն ունի շատ ցածր վարկանիշ։ Այս իրողության բացարձակայնացումը եւ միակողմանի մեկնաբանումը նույնպես հղի է ստրատեգիական просчёт-ներով։

* Նախ, այնպես չէ, որ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշները զգալիորեն բարձրացել են:

* Նիկոլից հիասթափված, բայց ընդդիմության ճամբարներ չտեղափոխված ընտրազանգվածը պարարտ հող է անսպասելի քաղաքական պրոյեկտների եւ տեխնոլոգիաների կիրառման համար։

* Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ոչ միայն կոռուպցիայի, այլեւ վարչական ռեսուրսի օգտագործման Էյնշտեյններ են, ինչը կարող է շոշափելիորեն ազդել նրանց էլեկտորալ արդյունքների վրա։

* Գործող ռեժիմը, ցավոք սրտի, մինչ այս պահը հաղթում է ընդդիմությանը նաեւ տարաբնույթ քարոզչական, լրատվական, քաղաքական ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու եւ կիրառելու առումով, եւ ընդդիմության անելիքներն այս դաշտում կենսական են։

3. Գյումրին կարող է նախատիպ լինել համապետական մակարդակում։ Այս թեզը նույնպես խաբուսիկ է եւ շատ խոցելի։

* Տեղական ընտրությունների, այն էլ՝ Գյումրիի նման շատ սպեցիֆիկ քաղաքի, օրինակի պրոյեկցումը հանրապետության մակարդակում մեթոդական սխալ է։

* Գյումրու ընտրարշավին երկրորդ նախագահի շրջապատին հարող թիմերի պահվածքը մյուս ընդդիմադիրների հանդեպ (ռուսերեն ասած՝ за гранью фола) չի կարող հանդուրժելի լինել համապետական ընտրություններին։

* Ընդդիմադիր դաշտի ներկայումս խորացող պառակտվածությունը եւ տրոհումը անխուսափելիորեն հանգեցնելու են ընդդիմադիր ձայների փոշիացմանը, ինչից օգտվելու է գործող ռեժիմը՝ ակնհայտորեն առավել մեծ բոնուսներ ստանալով։

* Փետրվարյան իր ասուլիսին երկրորդ նախագահը, խոսելով ընտրություններին գնալու եւ հաղթելու հավանականության մասին, չէր արձանագրել, որ մենակով Նիկոլին հաղթել հնարավոր չէ։ Այդ միտքն իր շուրթերից նորություն է, ուստի, մեղմ ասած, Գյումրին չի ապացուցում երկրորդ նախագահի մինչ այդ արտահայտված տեսակետի ճշմարտացիությունը, այլ կոնցեպտուալ տարբերվում է իր նախորդ կարծիքից։

Սարգսյան ± Քոչարյան = ?

Առաջին հայացքից կարող է տարակուսելի թվալ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի զգալի մասը նվիրել է ոչ թե Փաշինյանի ռեժիմին, այլ երրորդ նախագահին եւ Հանրապետականին։ Ավաղ, հնչեցրած գնահատականները ոչ միայն գոնե չեն սառեցնում այլեւս քրոնիկ դարձող լարվածությունը, այլեւ նոր դիսկուրսային բախման կետեր են ստեղծում։ Վստահ եմ, որ սա ծրագրային, ոչ թե պատահական դիրքավորում է, եւ այն նույնպես պայմանավորված է գալիք ընտրություններով։

«Տարանջատում հանուն ընտրության» օպերացիան չէր կարող սահմանափակվել միայն իրենց բարձրաձայնած եւ մեր կողմից անմիջապես ընդունված «տարանջատումով», իսկ երկրորդ նախագահի մոտեցումները հաստատեցին այս վարկածը։

Հակառակ պարագայում ի՞նչն էր խանգարում նախագահ Քոչարյանին ընդունել եւ համաձայնել նախագահ Սարգսյանի «Հանգիստ թողեք» մոտեցմանը։ Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը՝ նոր զարկ հաղորդելով այս տհաճ քննարկումներին։

Ուստի անդրադառնամ մի շարք թեզերին։

1. Պատմության վերանայում։ Հատկանշական է, որ նման գործիքակազմի դիմում է ոչ միայն փաշինյանական ռեժիմը, այլեւ մեր գործընկերները։ Երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները այս մասով վերաբերում էին գրեթե բոլոր էտապներին։ Այսպես.

* 1998-2008 թթ՝ ով ում էր սատարում։ Անկեղծ ասեմ, որ զարմացած եմ հնչեցրած ձեւակերպումներից, որոնք ոչ միայն վիճելի էին, այլեւ բացասական էներգետիկա էին պարունակում։ Այո, ՀՀԿ-ն որպես կուսակցություն այդ տարիներին շարունակում էր զարգանալ եւ կայանալ, բայց Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի լրջագույն դերակատարման մասին սկզբից՝ 1998-ի, հետո՝ 2003-ի նախագահական ընտրություններին ես չէ, որ պետք է հիշեցնեմ։ Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր հերթին ոչ միայն «խաղերի մեջ» չէր մտնում ընդդիմադիր դաշտի հետ, այլեւ, որպես հաշտեցնող եւ մեղմող կերպար, հաճախ իր վրա էր վերցնում գործող նախագահի դեմ ուղղված բազմաթիվ հարվածներ։

* 2006-2008 թթ՝ արձանագրելով երկրորդ նախագահի խոսքը Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման հետ կապված՝ այնուհանդերձ ինքս եմ ականատեսը եւ մասնակիցը եղել, որպես գործող եւ ակտիվ պատգամավոր, այլ բանի մասին վկայող իրադարձությունների, ինչի շուրջ հիմա չեմ մանրամասնի՝ հույս ունենալով մի օր անմիջապես երկրորդ նախագահի հետ խոսել այդ մասին։

* 2008-2018 թթ՝ թեպետ երկրորդ նախագահը պնդեց, որ այդ տարիներին չի մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, սակայն առկա են այլ ծրագրերի մասին վկայող հայտարարություններ, մասնավորապես, այդ տարիներին նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կողմից։ Հետաքրքիր կլինի լսել նախագահի կարծիքն այս հակասության մասին։

* 2018 թ. ՝ առանց այդ էլ երկար տեքստս կրկնություններով չծանրաբեռնելու համար միանում եմ երկրորդ նախագահի հորդորին վերընթերցել իր գիրքը, մասնավորապես՝ PS եւ PPS գլուխները։ Վստահ եմ, յուրաքանչյուր բանիմաց եւ անաչառ ընթերցող ունակ է անել իր հետեւությունները։ Հավելեմ միայն, որ հակասություններ առկա են նաեւ այս խնդրի շուրջ հարցազրույցում տրված գնահատականների հետ։

* Երկրորդ նախագահը, քննադատելով երրորդի իշխանության տարիները, հարցազրույցում օգտագործեց նաեւ «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, այնինչ դրանից առաջ, խոսելով իր ղեկավարման օրոք մեր մասին, նախ համաձայնեց լրագրողի պնդմանը, որ ինքը մենակով կարող էր Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջ մղել, իսկ հետո ասաց, որ եթե ՀՀԿ-ն իրեն չսատարեր, այլ կուսակցություն կհայտնվեր այդ դերում։ Այսինքն մեզ «քաղաքական մոնոպոլիայի» մեջ մեղադրանքները ուղեկցվել են սեփական քաղաքական մոնոպոլիայի մասին պնդումներով՝ միայնակ հաջորդ նախագահ եւ իշխող կուսակցություն որոշելու դրվագներով…

* 2018-ի մասին խոսելիս՝ նախագահ Քոչարյանը շատ նրբանկատորեն եւ խնամքով վերաբերվեց վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարությանը, ում ինքս շատ հարգում եւ ընդունում եմ։ Միաժամանակ կարծում եմ, որ ոչ իր, ոչ էլ պատմության համար չարժե «սանրել» եւ կլորացնել կամ սղոցել իրականության սուր անկյունները։

* 2021-ի ընտրությունների համատեքստում երկրորդ նախագահը նախ շրջանցեց այն փաստը, որ իր ղեկավարած ուժը հավակնում էր միայնակ հաղթանակ տանել, իսկ մեր շանսերը համարում էր վիճակագրական սխալի տիրույթում։ Հետո արտահերթ ընտրությունները գնահատեց անխուսափելի, թեպետ դրանք բուռն փողոցային պայքարի գոլորշին թողնելու համար էին, եւ առանց այդ պայքարի ակտիվ քաղաքական դերակատարների պարզապես անիմաստ էին դառնալու։ Իսկ արանքում միայն մեզ դիտարկեց «նախկինների» արատավոր թեզի թիրախ։ Ավաղ, այդպես չէ, մեծարգո նախագահ։ Նիկոլական ագիտպրոպով մեր երկու թիմերն էլ «նախկիններ» են, թեպետ իրականության մեջ ժամանակագրորեն մեր թիմը նախկին չէ, մենք նախորդ ենք։

* Հատկանշական է, որ իմպիչմենտի մասին խոսելիս երկրորդ նախագահ շեշտադրեց «եթե տապալվեց, 6 ամիս էլ չենք կարող դա անել» թեզը, ինչը շատ խոցելի արգումենտ է։ Նախ այն պատճառով, որ խոսելով իր հետագա պլանների մասին, նա ոչ մի կերպ չհիշատակեց իրենց նախաձեռնությամբ այդ գործիքի հնարավոր կիրառման հեռանկարը։ Եւ հետո, ընթացիկ նախաձեռնության վիժեցման դեպքում վեց ամիս հետո ինչպե՞ս եք հիմնավորելու սեփական նախաձեռնությամբ անվստահության գործընթաց չսկսելու փաստը։

Անշուշտ, դժվար է 2 ժամից ավելի տեւած, խիտ եւ հագեցած հարցազրույցին սպառիչ անդրադառնալ գրավոր ֆորմատով։ Ուստի մի շարք այլ գնահատականներին գուցե անդրադառնամ այլ հրապարակումներում։

Այժմ կավարտեմ հետեւյալ առաջարկությամբ։

Հարցազրույցում երկրորդ նախագահը Փաշինյանին բնութագրեց որպես պարտության սիմվոլ եւ տգիտության խորհրդանիշ՝ առաջարկելով համապատասխան էմոջի ստեղծել , բայց այդպես էլ ոչինչ չասաց Նիկոլի՝ դավաճան լինելու մասին։ Ընդունելով եւ զարգացնելով Փաշինյանով էմոջի ստեղծելու մասին նախագահ Քոչարյանի առաջարկը, առաջարկում եմ այն դիտարկել որպես դավաճանության, այլ ոչ թե տգիտության խորհրդանիշ։

Համաձա՞յն եք, պարոն Նախագահ։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
19.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031