Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ

Մայիս 20,2025 10:30

Հանրային հեռարձակողի խորհուրդը մայիսի 19-ին հրապարակել է որոշում «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատամամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

Որոշման մեջ մասնավորապես ասված է. «2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից Հանրային հեռարձակողի խորհրդին հասցեագրված գրությամբ արձանագրվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) գործունեությանն առնչվող օրենսդրական պահանջների առերևույթ խախտումներ: 2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Արմեն Քոլոյանից գրավոր կերպով պահանջվել է ենթադրյալ խախտումների մասին գրավոր բացատրություն՝ դրա համար վերջինիս տրամադրելով 3 աշխատանքային օր: 2025 թվականի մայիսի 12-ին Արմեն Քոլոյանից ստացվել է համապատասխան գրավոր բացատրություն»:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի կողմից հանձնարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ներքին աուդիտի բաժնի ղեկավարին՝ սեղմ ժամկետներում իրականացնել Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպված գնման ընթացակարգի աուդիտ: Խոսքը «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ կնքված բաժանորդագրության պայմանագրի մասին է:

Կատարված գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու: 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կնքվել է պայմանագիր, հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը:

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է նշված պայմանագրի մասին հայտարարություն ոչ ուշ, քան պայմանագիրը կնքելու հաջորդ առաջին աշխատանքային օրը (…)»: Տվյալ պարագայում գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն տեղեկագրում սահմանված ժամկետներում չի հրապարակվել կնքված պայմանագրի մասին հայտարարությունը:

Արդյունքում, կազմակերպված ընթացակարգի շրջանակում Ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից չեն պահպանվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները:

Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց: Հաշվի առնելով «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի՝ Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»:

Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031