ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել եւ վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աղազարյանն անդրադարձավ հարցին, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի միանում իրենց նախաձեռնած գործընթացին։ Հովիկ Աղազարյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանը մեկ տարով էր լինելու վարչապետ։ «Այդ մեկ տարվա ընթացքում ի՞նչ է տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է մեկ տարի։ Ընդդիմադիրները եւ Էդմոն Մարուքյանը թիմ են ձեւավորում, ներկայանում են ընտրողներին իրենց ծրագրերով՝ պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում։ Եվ ժողովուրդը ձեւավորում է իշխանություն՝ ըստ այդ ծրագրային դրույթների։ Եվ մենք հնարավորություն կունենայինք անցկացնելու պատմության մեջ ամենաարդար ընտրությունները»,- ասաց նա։
Հովիկ Աղազարյանը նշեց, որ եթե «Պատիվ ունեմ»-ը մերժել է իրենց, դա չի նշանակում, որ իրենք գործընթացը դադարեցնում են։ «Եվ ես կարծում եմ, որ մինչեւ 2026 թվականի ընտրությունները մեր երկրի համար որեւէ ճակատագրական պահի մեր ընդդիմադիր գործընկերները կարող են վերանայել իրենց տեսակետը եւ միանալ նախաձեռնությանը»,- ասաց նա։
Հարցին, թե իրենց համար ի սկզբանե պա՞րզ չէր, որ ընդդիմությունն այսպես կարձագանքեր՝ հաշվի առնելով, որ Մարուքյանը համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ, Աղազարյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ հավաքված բոլոր քաղաքական ուժերը մասնակից են եղել մինչեւ 2018 թվականների բոլոր ընտրությունների կեղծիքի ձեւով անցկացմանը, ընտրակեղծարարությամբ իշխանություն ձեւավորելու ճանապարհն են անցնել։ Եվ, հետեւաբար, մենք նաեւ այդ պատճառով հայտարարել ենք, որ երբեք չենք համագործակցելու այդ ուժերի հետ։ Եվ եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն առաջադրած լինեին իրենք, մենք նորից չէինք միանալու»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե վարչապետ դառնալու իր շանսերն ավելի մե՞ծ չէին, Աղազարյանն ասաց․ «Իմ շանսերն ամենաբարձրն են, բայց ես ըտենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձեւի տղա եմ։ Ես ուրիշ ձեւի եմ մտածում, դրա համար առաջարկել ենք պարոն Մարուքյանին»։
Անդրադառնալով իր նախաձեռնության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ Աղազարյանն ասաց․ «Ես ռեյտինգավորել եմ ՔՊ որոշ գործընկերների՝ ըստ Նիկոլ Փաշինյանի հավատարմության աստիճանի։ Եվ Ալեն Սիմոնյանն ամենաբարձր աստիճանն ունի՝ 2,73 Նիկոլ։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հավասար է 2,73 Նիկոլի։ Նիկոլը ինքը հավասար է մեկ Նիկոլի, բայց Ալեն Սիմոնյանը հավասար է 2,73 Նիկոլի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ