Երևանի ավագանու նիստի սկզբում «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն (լուսանկարում) առաջարկեց ավագանու նիստի օրակարգում չզեկուցվող 3 հարց դարձնել զեկուցվող, երկուսը՝ հանել։ Նա նշեց․ «Երևան ավտոբուսի» կանոնադրական կապիտալի մասին հարցը և «Փարկինգ սիթի սերվիս»-ի հարցերը դարձնել զեկուցվող, Սարյան և Թումանյան փողոցների վերաբերյալ հարցերն օրակարգից հանել, քանի որ հարցը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն։ Այդ հարցերը հանել այն ակնկալիքով, որ դրանք գալու են մյուս նիստին, ոչ թե մնալու են օրենքի սողանցքով տնօրինվող»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Զեկուցվող դարձնելու հետ կապված առաջարկը կարող ենք քվեարկության դնել։ Օրակարգից հարցերը հանելու առաջարկի մասին որոշակի պարզաբանումներ պետք է տրվեն։ Սարյանի փոստի հետ կապված Երևանի քաղաքապետարանը դեռ նախագծային առաջարկ չի ստացել, վաղն առաջին անգամ քննարկվելու է կառավարության մակարդակում Սարյան փոստի ներդրումային ծրագիրը, և ՇՄԱԳ լսումները տեղի են ունենում անկախ այն հանգամանքից՝ մեզ մոտ կա՞ դիմում, թե՞ ոչ։ Մտահոգությունը գիտեմ՝ այն է եղել, որ որևէ բան կարող է քանդվել ու չսարքվել։ Երևանի քաղաքապետարանը նման բան թույլ տալ չի կարող»։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ ասաց․ «Նախորդ նիստում ձեր առաջարկած մեկնաբանությունների վերաբերյալ դրական քվեարկեցինք, և փորձը ցույց տվեց, որ ձեր նպատակը ոչ թե հարցի քննարկումն է, այլ ինչ-որ բոյկոտ կամ անկազմակերպվածություն առաջացնելու հնարավորություն ստանալն է։ Դա մեր կողմից չպետք է թույլ տրվի։ Եթե կային առաջարկներ՝ ինչ-որ հարց զեկուցվող դարձնելու համար, կարելի էր դրա մասին ասել օրեր առաջ, ոչ թե քվեարկությունից մեկ րոպե առաջ»։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ ի պատասխան Արմեն Գալջյանի ասաց․ «Նախ առաջարկում եմ, պարոն քաղաքապետ, երբ մեկուկես տարի կարևոր հարց է քննարկվում, մեզ ընթացքում էլ տեղեկացրեք՝ ինչ է քննարկվում, որ տեղեկանանք։ Պարոն Գալջյան, երբ ձեզ ինչ-որ բան է պետք լինում, նո՞ր եք հիշում։ Մենք վերադարձանք նախորդ անգամ դահլիճ քննարկելու համար հարցը, դուք չեկաք։ Մենք եկանք, դուք չեկաք։ Մեզ ի՞նչ եք ուզում ասել»։
Կարդացեք նաև
Մանուկ Սուքիասյանն էլ հեգնեց․ «Մի առաջարկ էլ ունեմ՝ տակը մնում է ընդամենը մեկ զեկուցվող հարց, ժողովուրդ ջան, նեղություն չքաշեք՝ էդ էլ չզեկուցվող դարձնենք, եկել ենք ստեղ ի՞նչ անենք»։
Սա ծիծաղ առաջացրեց ավագանու անդամների շրջանում։
Ի վերջո, ոչ մի առաջարկն էլ չընդունվեց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ