Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը լուրջ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին, իսկ Փաշինյան-Ալիեւ զրույցի թեմայից տեղյակ չէ, ժամանակ չի ունեցել

Մայիս 20,2025 14:55

«Սահմանադրության մեջ ամրագրված ցանկացած դրույթի սեփականատերը ՀՀ ժողովուրդն է, ինքն է որոշում՝ սահմանադրական ինչ կարգավորումներ անել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ ասեկոսեների մակարդակում տրվող հարցերին չի պատրաստվում պատասխանել։

Լրագրողի հարցը վերաբերում էր Տիրանայում կայացած Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպմանը, որից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրել Հայաստանին․ մասնավորաբար, ՀՀ զինանշանի հետ կապված խնդիրներ են տեսել, ենթադրաբար՝ Արարատ լեռան պատկերը։

Խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգմանը վերաբերվող հարցին էլ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ բանակցությունների գործընթացն ավարտվել է, տեքստը պատրաստ է, ՀՀ-ն էլ հայտարարել է այն ստորագրելու իր պատրաստակամության մասին, իսկ այժմ քննարկվում է ստորագրման վայրն ու ժամկետը եւ որեւիցե հավելյալ մեկնաբանություն այս հարցով չի ցանկանում տալ։

Թե ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիեւը Տիրանայում՝ ինքը տեղեկացված չէ, չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ժամանակ չի եղել․ գուցեեւ նախատեսվում է խմբակցության հանդիպում Փաշինյանի հետ։ Լրագրողների տարակուսանքին, որ իշխող թիմի անդամ է եւ նման կարեւոր հարցերի շուրջ տեղեկացված չէ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ լրագրողներին միայն սենսացիան է հետաքրքրում, բայց «սենսացիա ինձնից այսօր չեք ստանա»։

Լրագրողները հետաքրքրվել էին նաեւ՝ «Արթուն ենք» հանրային շարժման նախաձեռնած Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացից։

«Բացարձակապես որեւիցե եղանակով լուրջ չեմ տեսնում այդ քննարկումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականին։ Որեւիցե գործընթաց, որը վերաբերվում է կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելուն, ես առնվազն այս փուլում լուրջ չեմ ընկալում»,– ասաց նա՝ հավելելով, որ իրավական առումով էլ խնդիր կա, քանի որ իմպիչմենտը գործընթաց է, որը բնորոշ է նախագահական համակարգ ունեցող երկրներին, այն հայտնվում է նախագահին, իսկ Հայաստանում խոսքը կարող է լինել կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին։

«Ես համարում եմ, որ գործընթացն ամբողջությամբ անլուրջ է, իմպիչմենտ արտահայտությունը ինքնին դիտարկվում է որպես ոչ լուրջ վերաբերմունք սահմանադրական կարգավորումների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահության հայտնելուն, այդ գործընթացի շրջանակներում յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի գործել այնպես, ինչպես ցանկանում է՝ իր խղճի մտոք։ Ես որեւիցե այլ հավելյալ մեկնաբանություն սրա վերաբերյալ տալ չեմ կարող»,–ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Դիտարկմանը՝ ընդդիմության մեկնաբանությամբ, ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա վարչական լծակներ կիրառելու, Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց․ «Դուք ինձ ուզում եք ասեք, որ ընտրություններից ավելի լավ եւ ժողովրդավարական ձեւ կա՞ իշխանություն ձեւավորելու։ Եթե նման ձեւ գիտեք․․․ Իրենց մեկնաբանությունները՝ իրենց հարցրեք։ Ժողովրդավարությունից լավ կառավարման ձեւ դեռ մարդկությունը չի հորինել, իսկ ազատ, թափանցիկ ընտրությունները միակ եղանակն են լեգիտիմ իշխանություններ ձեւավորելու համար»։

Մնացյալ բոլոր հարցերի պատասխաններն, ըստ Վլադիմիր Վարդանյանի, կորոշենք բոլորս՝ իբրեւ ընտրող, 2026 թվականի ընտրություններում, իսկ մինչ այդ, ոչ ոք չի կարող ասել՝ կառավարությունը կատարել է կամ չի կատարել իր պարտականությունները։ Այդ մասին, հիշեցնենք, Էդմոն Մարուքյանն էր խոսել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031