Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով այս պահի դրությամբ ԱՊՀ մասնակից պետություններում հետախուզումներն ամբողջությամբ իրականացվում են թղթային եղանակով: Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով:
Նշվել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայում:
Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով նախաձեռնությունը, հորդորել է կողմ քվեարկել:
Կարդացեք նաև
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Հեղինակի առաջարկով հետաձգվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
ԱԺ