Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթերը նայողներին տհաճ է ծեծկռտուք, շուկայի մակարդակի բազար դիտել»․ Գրիգորյանը՝ ավագանու նիստերի դահլիճում ապակիներ դնելու մասին

Մայիս 20,2025 15:24

«Տեղեկություններ չունեմ, գիտեմ, որ ձերբակալություններ են տեղի ունեցել»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությանը, այսպես պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատճառաբանելով, որ նաև չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը։

Հարցին՝ Տիգրան Ավինյանը վախենու՞մ է լրագրողներից, նա պատասխանեց․ «Չէ, չի վախենում»։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ եք անվտանգության ապակե պատ դրել ավագանու նիստերի դահլիճում, որ լրագրողները չկարողանա՞ն լուսաբանել այն, ինչ նիստերի դահլիճում է տեղի ունենում, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «ԱԺ-ում միշտ դա եղել է, և երբեք որևէ մեկը դա մամուլի ազատության սահմանափակում չի համարել։ Հաջորդը՝ նիստը տեսաձայնագրվում է, քաղաքապետն ինչ-որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չհեռարձակվի, քանի որ հեռարձակման իմաստն այն է, որ քաղաքացիներն իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում ավագանու նիստում, ինչ բովանդակային տեսակետներ կան։ Նիստերը չեն հեռարձակվում նրա համար, որ ժողովուրդը տեսնի, թե ինչպես են որոշ ավագանու անդամներ վիճում, ավագանու համար ոչ վայել վարքագիծ դրսևորվում։ Հետևաբար` եթերը, երբ դադարեցվում է, ոչ թե պետք է միայն քաղաքապետարանի եթերը դադարեցվի, այլ նաև լրատվամիջոցների եթերը»։

Լրագրողների հակադարձմանը՝ բայց այդպես խախտվում է քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքը, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Էս նիստերը շատ մարդկանց մոտ նայելու ցանկությունը բացակայում է։ Ինձ տհաճ է, և ես պատկերացնում եմ, որ ձեր ու մեր եթերը նայող քաղաքացիներին հաճելի չէ ծեծկռտուք, շուկայի մակարդակի բազար դիտելը։ Եթե ուզում եք լուսաբանեք, լուսաբանեք, բայց ոչ կապված քաղաքապետարանի դահլիճի հատվածի հետ»։

Փաստմանը՝ իշխանությունները երեկ խոստովանեցին, որ ավտոբուսի ուղեվարձի թերհավաքագրում կա, ո՞րն է սրա պատճառը, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ թերհավաքագրումը նրա պատճառով է, որ մեր գործընկերները որոշ ժամանակ հորդորեցին, ինչ-որ թվով մարդիկ ինչ-որ քաղաքական տրամադրություններով սկսեցին չվճարել տրանսպորտի ուղեվարձը։ Կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ դա դադարել է՝ որպես քաղաքական գործընթաց։ Այն, ինչ ունենք հիմա, անպատասխանատվություն է։ Մարդիկ գիտեն, որ առկա չէ պատժողական մեխանիզմ, ուստի առիթից օգտվում, չեն վճարում»։

Հարցին՝ ճի՞շտ է, որ թղթային QR-ները դուրս են գալու, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատում ենք, որ թղթային QR-ները վերացնենք։ Իրականում մեկանգամյա թղթային տոմսերը պետք է լինեն բացառություն և ոչ թե կանոն։ Մենք գործողություններ կատարում ենք այդ ուղղությամբ»։

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը թաղապետարանում ծեծկռտուքից միայն 20 օր անց հրաժարականի դիմում ներկայացրեց, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Տիգրան Տեր-Մարգարյանը տվել է իր պատասխանը։ Հրաժարական է ներկայացրել։ Իր երեկվա հայտարարությունից հետո օբյեկտիվորեն թեման փակված է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031