ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր պետք է քննարկվեին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունները՝ բանակում, այսպես կոչված, այլընտրանքային ծառայության մասին։ Քննարկումը հետաձգվեց՝ հեղինակի առաջարկով։ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր առաջարկները նախ կառավարության առաջիկա նիստում կքննարկվեն, հետո կներկայացվեն խորհրդարանի դատին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ ՔՊ-ական պատգամավորի նախաձեռնությունները ՀՀ քաղաքացիներին երկու դասակարգի բաժանելու մասին են՝ փողատերերի եւ ոչ փողատերերի։
«Փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել եւ սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետեւ սա խայտառակություն է։ ՀՀ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու իմաստով։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Գեղամ Մանուկյանի կարծիքով, այս առաջարկները չեն բխում ամուր բանակ ունենալու տեսլականից. «Խիստ անարդարություն է հաստատվելու։ Սահմանադրության կետերն են ոտնահարվելու։ Այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ կան, որեւէ արդարացում չկա։ Ասում են՝ թե բա մեկ է՝ հարուստների երեխաները չեն ծառայում։ Ուրեմն ընդունում են, որ փողով բանակից ազատվում են, բայց յոթ տարի ի՞նչ էին անում, սա ուղղակի խայտառակություն է, դարձնում են աղքատների զինված ուժեր»։
Կարդացեք նաև
Նախագծի հիմնական նպատակն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «բյուջե լցնելն» է. «Բայց մի քիչ կասկածում եմ, որ այդքան մարդ կհամաձայնի այդ գումարները վճարելու։ Նաեւ՝ սա նշանակում է շատ-շատերին ուղղակի ահռելի բեռի, վարկերի տակ դնել, տներ գրավադրել, որ կարողանան գտնել այդ 15 միլիոն դրամը, 20 միլիոն դրամը։ Սա ուղղակի խարխլում է ՀՀ զինված ուժերի կազմավորման անկյունաքարային այն բոլոր նորմերը, որ մինչեւ հիմա կան»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ այն է, որ ՀՀ-ն ԶՈՒ չպետք է ունենա, Գեղամ Մանուկյանը համաձայնեց՝ նկատելով, որ ՀՀ իշխանությունների վախվորածությունը դրա մասին է խոսում եւ անգամ մայիսի 9-ի շքերթին Կարմիր հրապարակում ՀՀ ԶՈՒ չմասնակցությունն այդ «վիզը ծռածի հոգեբանությունն է»։
Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ 2019 թվականին այս նախաձեռնությունը կրկին ասպարեզ էր բերվել, ՊՆ-ն դեմ արտահայտվեց եւ հարցը հետաձգվեց։ Վտանգավորն այն է, որ այժմ կառավարության միջնորդությամբ է նախագիծը բերվելու ԱԺ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ