ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե խաթարել ռուս-հայկականը՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում անդրադառնալով Երևանում հակառուսական պաստառներին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դուք գիտե՞ք որքան մարդ է աշխատում Հայաստանի ամերիկյան դեսպանատանը։ Մոտ 2000 մարդ․ նրանցից ինչ-որ մեկը հավանաբար դեռ չի ըմբռնել, որ պետք է խթանել, օրինակ, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե զբաղվել ռուս-հայկական հարաբերությունների խզմամբ»,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լրագրողը նկատել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ Երեւանում բողոքի ցույցեր են եղել՝ ՌԴ քաղաքականության դեմ, ի սատարումն որոնց հանդես են եկել նաեւ ՀՀ ԱԺ որոշ պատգամավորներ։
Կարդացեք նաև
«Ամերիկյան դեսպանատանն ինչ-որ մեկը, հավանաբար, ապրում է նախկին սխեմաներով»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկը դեռ չի սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարը, որը զբաղվում էր նման նախագծերով։
Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ունի լայն օրակարգ բոլոր ուղղություններով՝ ոչ միայն քննարկումների մակարդակում, այլ շատ կոնկրետ եւ կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար․ «Որ դա շատերին՝ փոքրամասնությունից, դուր չի գալիս, մենք դա էլ գիտենք։ Հետևաբար, մենք կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա»։
Մարիա Զախարովայի բնութագրմամբ՝ այդ ամենի բնույթը պարզ է՝ վճարված, խթանված եւ մշակված աշխարհի տարբեր մասերում։ Նա նաեւ հեգնեց՝ կարող էին փորձել ինչ-որ լավ բան անել USAID-ի գումարներով․ օրինակ, բուժել մեկին, կառուցել ինչ-որ բան, հաղթահարել որեւէ ճգնաժամ․ «Ցավոք, ոչ մի բան։ Սա այն է, ինչին նրանք ընդունակ են, իսկ դրա համար մեծ խելք չի պահանջում»։
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ