«Յոթ տարվա իշխանություն եք, այդ կոռուպցիոն սխեմաները հիմա պիտի բացահայտած լինեիք։ Ապօրինի գույքի բռնագանձման մասին եք խոսում, բայց որպես յոթ տարվա իշխանություն արդեն պիտի բացահայտած ու լինեիք, կոպեկ-կոպեկ տայիք ժողովրդին, բայց նման բան չեմ տեսել»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության մյուս անդամ Գրիգոր Իսկանդարյանը, հիշեցնելով իր ելույթը, ասաց․ «Եթե ելույթս լսել եք, նախնական թույլտվության հետ կապված ես ասում էի՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստանում, գալիս ավագանու նիստ, ավագանու նիստի օրակարգից հանում եք, գնում է՝ որպես դրական։ Ստացվում է, որ Դուք «գարանտիայով» նախնական թույլտվություն եք տալիս, հետո շինթույլտվությունը տեխնիկական հարց է։ Արդյոք դուք դրա համար գումար վերցնո՞ւմ եք»։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոռուպցիայի հետ կապված դիտարկումներին և ակնարկներին այսպես արձագանքեց․ «Կոռուպցիայի վերաբերյալ դասեր կարող եք վերցնել ձեր քաղաքական լիդերներից և առաջնորդներից, որոնք այդ համակարգի հիմնադիրներն են այս երկրում։ Եթե կոռուպցիան ձեզ հետաքրքրում է, վստահեցնում եմ՝ ձեր քաղաքական շրջապատում դուք դրա վերաբերյալ մանրամասն կարող եք տեղեկատվություն ստանալ»։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ նշեց․ «Կոռուպցիայից, որ խոսում եք, հովանավորչություն, որ ասում ենք, բոլոր թերացումների մեղավորներին, որ քննարկում ենք, անդադար դզզոցով լսվում է Խորիկ Գրիգորյան անունը ։ Ձեր մեջ էլ կա նախկին ու ներկա։ Եթե ձեր նախկինին պահում եք ու այդ մարդուն անարգանքի սյունին չեք գամում, դա լինում է հովանավորչություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ