Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Խորեն Գրիգորյանը Պտղնիում ճոխ առանձնատուն է սարքել». Չախոյանը ջրի երես է հանում կոռուպցիոն գործարքներն ու հույս հայտնում՝ իր դեմ նոր մահափորձ չեն անի

Փետրվար 12,2024 17:24

Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Երեւանում կոռուպցիան շատ տարածված է ու մեծ չափերի է հասնում. «2 տարվա իմ պայքարի ընթացքում առաջին իմ հաղթանակը տարա, երբ Երեւանի քաղաքապետարանն ընդունեց, որ Մալաթիա-Սեբաստիայի տերասային տախտակներով նստարանների հետ կապված անհամապատասխանություն կա: Նախորդ գործավարական նիստի ժամանակ Մալաթիայի վարչական շրջանի ղեկավարը ինձ պատասխանատվության էր ենթարկել, չգիտեմ ինչի համար: Բայց այսօր պարզվեց, որ ես ճիշտ էի»:

Չախոյանը իր հետ ԱԺ էր բերել կատարողական ակտեր: Քաղաքապետարանը ընդունել ու վճարել էր փնթի կատարված աշխատանքների համար: Ցուցադրելով նկարները՝ նա ասաց. «Սա Երեւանյան լճում պատկերված հասարակական նշանակություն ունեցող զուգարան է, որի համար Երեւանի քաղաքապետարանը, ըստ փաստաթղթի, վճարել է 2 մլն 657 հազար: Այս հիանալի, հրաշագործ զուգարանը ընդունել է, բայց սրա տեղը պետք է լիներ մոդուլային զուգարան՝ վճարովի համակարգով: Աշխատանքն ընդունել են, բայց իրականությանը չի համապատասխանում: Այստեղ մոդուլային զուգարան չկա, ինչը փաստում է կոռուպցիայի մասին: Իմ հաշվարկով, այս «գլուխգործոցը» մոտ 500-600 հազար դրամ արժի»:

Հետո Չախոյանը ցուցադրեց Երեւանյան լճում տեղադրված աստիճանները, որոնք տենդերի մեջ բոլորովին այլ բան են նշված եղել. «Երեւանի քաղաքապետարանը վճարել է 2 մլն, որ աստիճանի տակ պետք է լիներ բետոն, բայց այստեղ բետոն չկա, հող է: Սա նույնպես ակնհայտ կոռուպցիա է: Այս աշխատանքներն ընդունված են ու անհասկանալի է, թե ոնց: Բարձրագույն շինարարական կրթություն էլ պետք չի՝ այս ամեն ինչը նկատելու, արձանագրելու համար: Երեւանի քաղաքապետարանը այս աստիճանների համար վճարել է 3 մլն 561 հազար դրամ՝ 214 գծամետրի համար, բայց իրականում այդտեղ 174 գծամետր է, որի տարբերությունը կազմում է 630 հազար դրամ: Ծավալների հավելագրում է տեղի ունեցել: Երեւանյան լճի հատվածի տեխհսկողությունն է կասկածի տեղիք տալիս»:

Անդրադառնալով մանկապարտեզների բարեկարգմանը՝ Չախոյանն ասաց, որ կարծես դա անում են, որ զուտ գնան, նկարվեն, ասեն՝ տեսեք, ինչ ծավալի աշխատանքներ ենք արել. «Նկարվելուց հետո ոչ մեկին չի հետաքրքրում մանկապարտեզների ճակատագիրը՝ քանդվում, փշրվում են»: Չախոյանը մատնանշեց թիվ 50 մանկապարտեզը, որը բարեկարգել է Երեւանի քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի ազգականի ընկերությունը. «Լուսամուտների ռամկեքը բռնել կտրել են, դրել են, սիլիկոնով կպցրել են: Անհասկանալի է, թե ոնց են մի տարի լուսամուտներն այդ վիճակում մնացել: Ես գնացի, հանրայնացրեցի, արդեն դզել են: Եթե չգնայի, ընդունելուց հետո մեկ տարի անցել էր, ոնց հասկացա, այդպես էլ մնալու էր: Այսինքն, տեխհսկողությունը պատշաճ չի կատարվում»:

Չախոյանը խոսեց նաեւ Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հայտնի գետնանցման մասին. «Տենդերից դուրս ծավալների մեջ մտցրել են այս տրավերտինի քարը, մեկ գծամետրի համար՝ 38 հազար դրամ: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 4 մլն դրամ: Բայց տեղադրված քարը այդ արժեքը չի ներկայացնում: Աշխատանքներն ընդունել են, վճարել են»:

Չախոյանը ցուցադրվող լուսանկարներից մեկն էլ ներբեռնել էր Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից. «Ասֆալտ են անում, բայց մենք տեսնում ենք, որ ասֆալտի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը՝ բիտումը չկա: Ու հետո մենք զարմանում ենք, թե ոնց են փողոցները մի քանի ամիս հետո քանդվում, փշրվում: Կոռուպցիան այնքան ակնհայտ է, որ վարչական շրջանի պաշտոնական էջում այս նկարները հրապարակում են: Սա խայտառակություն է»:

Մյուս խայտառակությունը, ըստ Չախոյանի, այն էր, որ Աջափնյակում 2022-2023-ին փոխարինվել է 11 հազար գծամետր բազալտե եզրաքար. «Հին սովետականը ավելի որակով է, ավելի լավն է, Աջափնյակում փոխարինում են, բայց 11 հազար գծամետր եզրաքարը թափել են: Սա խայտառակություն է ու այս ամենի հետեւից ոչ մի վերահսկողական աշխատանք չի իրականացվում: Ամիսներ առաջ տեսանք, որ Ծիծեռնակաբերդի տոմետները քանդել, տարել էին, մասնավոր սեփականության տարածքում էին դրել: Քաղաքապետարանում ինձ հայտնել են, որ ինչ-որ մասնավոր տարածքում բերել, պահեստավորել են: Այս ամենը համակարգային է տեղի ունենում՝ Երեւանի քաղաքապետարանի ինչ-որ աշխատակիցների գլխավորությամբ: Առանց իրենց իմացության մեկ լուցկու չոփ հնարավոր չէ տեղափոխել: Ու այս ամենին ընթացք չի տրվում: Եթե մենք երկիր ենք ուզում կառուցել, իրավական գործողություններ պետք է արդեն սկսեն, որ պատասխանատուները, որոնք ստորագրում են, պատասխանատվության ենթարկվեն: Ես բազմիցս խոսել եմ Խորեն Գրիգորյանից՝ Շինբարեկարգման վարչության պետ, անհայտ ծագում ունեցող միջոցով Պտղնիում տուն է ունեցել, ճոխ առանձնատուն է սարքել, ինձ համար անհասկանալի է, թե ինչ միջոցներով է դա արել: Հետո Արաբկիր վարչական շրջանում ճոխություն է իրեն թույլ տվել: Այդ մարդը, որը այդ փաստաթղթերը այդքան ստորագրում է, որտեղ կոռուպցիոն տարրեր կան, կասկած ոչ ոքի մոտ չի՞ առաջանում, 2 մլն դրամի նվիրատվություն է անում ՔՊ-ի դրամահավաքի ժամանակ, հարց չի՞ առաջանում՝ այսքան գումար այդ մարդուն որտեղի՞ց»:

Այս ամենը ներկայացնելուց հետո Արթուր Չախոյանը հույս հայտնեց, որ իր տան շքամուտքի մոտ այսքան խոսելուց հետո իր դեմ նոր մահափորձ չի կատարվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829