Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները հարց են տալիս՝ ինչո՞ւ են 2018-ին մերժել Սերժ Սարգսյանին, բայց գործող իշխանությունը կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին․ այս հարց-դիտարկումն այսօր արեց լրագրողներից մեկը՝ դիմելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
«Ի՞նչ է, մեկ տարի նստելը հերոսությո՞ւն է։ Իմ թիմակիցներն էլ են նստած, Արմենը Աշոտյանն արդեն երկրորդ տարին է՝ նստած է, էդ որ ես դատարանների դռներով քաշ եմ գալիս․․․»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով երկու նախագահների միջեւ բանավեճին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահությո՞ւն հայտնել, թե՞ մասնակցել 2026 թվականի ընտրություններին, նախագահ Սերժ Սարգսյանը նախ տարակուսեց՝ 2021-ին ընտրությունների գնալը լուրջ էր, իմպիչմենտը՝ անլո՞ւրջ. «Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությա՞մբ եք վերաբերվում: ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Այսինքն` մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն` 2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելն անլո՞ւրջ է»:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չունի, նախագահ Սարգսյանը պատասխանեց․ «Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»։
Կարդացեք նաև
2021-ի ընտրությունների մասին էլ ասաց․ «Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ շատ հստակ ասել եմ, որ խորապես համոզված եմ, եւ այդ համոզմունքը հիմնված է ժողովրդի տրամադրություններն ու քաղաքական դաշտը ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման։ Միջազգային հանրությունը մեզ՝ հայ ժողովրդին մեղադրելու է, ասելու է, թեեւ ժողովուրդը կապիտուլացվել է, բայց վստահում է օրվա իշխանություններին։ Եթե ես սխալ եմ կանխատեսել, ասեք՝ սխալ եմ կանխատեսել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ