Կրկնվող օրինաչափություն է. հանդիպում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, փոխադարձ հավաստիացումներ են հնչում, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, եւ որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական կուրսը: Բայց նման հանդիպումներից քիչ անց ՀՀ իշխանության ներկայացուցիչները եւ իշխանությանը կից «արեւմտամետները» հայտարարում են ճիշտ հակառակը՝ Ռուսաստանն ամենեւին էլ մեր դաշնակիցը չէ եւ ավելին՝ այստեղ մեր պետականության դեմ աշխատող գործակալական ցանց է պահում եւ մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
Ընդ որում, հետաքրքիր է, որ «դաշնակից լինելու» մասին թեզը հերքվում է ոչ միայն իշխանության, այլեւ ռուսամետ ընդդիմության կողմից, որը փորձում է մեզ հավաստիացնել, թե Պուտինն այնքան է ջղայնացել Փաշինյանի վրա, որ վաղը կամ մյուս օրը կձեռնարկի նրան գահընկեց անելու գործընթացը: Այս պարագայում հավանաբար ցանկալին մատուցվում է որպես իրականություն:
Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նույնիսկ Արման Բաբաջանյանը կամ Տիգրան Խզմալյանը դառնան Հայաստանի վարչապետ, միեւնույն է, մեր երկիրն առանձնապես հնարավորություն չի ունենա փոխելու իր արտաքին քաղաքական կուրսը: Հռետորաբանության մակարդակով՝ այո, կարող է ասվել ամեն ինչ:
Մյուս կողմից՝ Պուտինի եւ նրա մերձավոր շրջապատի համար Փաշինյանը, հնարավոր է, այնքան էլ համակրելի կերպար չէ: Բայց միաժամանակ, միանգամայն ձեռնտու է՝ Ռուսաստանի ծրագրերի իրականացման համար:
Կարդացեք նաև
Հարց է, սակայն, թե որոնք են իրականում Ռուսաստանի ծրագրերը՝ Հարավային Կովկասում, եւ արդյո՞ք դրանք համաձայնեցված չեն թուրքական ծրագրերի հետ: Եվ գուցե Փաշինյանը հենց այն մարդն է, որի վրա դրված է այդ ծրագրերի իրականացման պարտականությունը:
Շահագրգռված կողմերի մեկնաբանները, ինձ թվում է, պրիմիտիվացնում են իրականությունը (գուցե՝ ակամա), եւ իրավիճակը ներկայացնում են պլյուսի եւ մինուսի անհաշտ պայքար, որտեղ Հայաստանը տեսնում են որպես բեւեռներից մեկին հարող մի փոքրիկ մասնիկ:
Իսկ ի՞նչ կասեք, եթե պարզվի, որ մեր հարցում այդ բեւեռների միջեւ հակասություններ չկան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խնդրում եմ տալ հստակ սահմանում Ձեր կողմից,չակերտների մեջ վերցրած արեւմտամետ ձևակերպմանը,
տարընթերցումներից խուսափելու համար։ Դուք նաև դաշնակից լինել արտահայտությունն եք վերցրել չակերտների մեջ, ստացվում է, եթե չակերտները հանենք, ոչ դաշնակից լինելու թեզը ,հերքում են թե ռուսական իշխանությունը,թե ընդդիմությունը։
Շնորհակալություն։
Վստահ չեմ, որ ճիշտ հասկացա Ձեր հարցը: Բայց փորձեմ պատասխանել: «Արեւտամետները» հայաստանյան այն գործիչներներ են, որոնք կարծում են, որ Փաշինյանին քծնելու լավագույն ձեւը ռուսներին հայհոյելն է: Հաճախ դա արվում է, կարծում եմ, իշխանության պատվերով: Արեւմտյան, եվրոպական իրական արժեքների հետ դա որեւէ կապ չունի, դրա համար էլ այդ բառը վերցնում եմ չակերտների մեջ: Իսկ «դաշնակից» բառը պարզապես մեջբերում է Լավրովի եւ Միրզոյանի վերջին ելույթներից. եւ դրա համար է չակերտներում: Շնորհակալություն ակտիվ մեկնաբանելու համար: